Իջեւանի հատվածում 12-12։30-ին Իջեւանի ուղղությամբ հակառակորդը գնդացրով կրակ է վարել հայկական մարտական դիրքերի ուղղությամբ` խախտելով հրադարարի պահպանման ռեժիմը։ Կրակոցների հետեւանքով որեւէ վնաս չկա, տուժածներ՝ նույնպես։ Այս մասին Yerkirmedia.am-ի հետ զրույցում հայտնեց Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։
Անդրադառնալով ադրբեջանական կողմի տարածած այն լուրին, թե հայկական զինուժը կրակ է բացել Ադրբեջանի Աբասբեյլի գյուղի ուղղությամբ, ՊՆ խոսնակը մեզ հետ զրույցում հերքեց այդ տեղեկատվությունը։
Նա հավելեց, որ հակառակորդի կրակոցները լռել են հայկական կողմի պատասխան կրակոցներից հետո։
Հիշեցնենք, որ մարտի 1-ին ադրբեջանական կողմը կրակել էր Տավուշի մարզի Ոսկեպար համայնքի ուղղությամբ։ Հակառակորդը խոշոր տրամաչափի գնդացիրներից գնդակոծել էր սահմանամերձ գյուղը։