կարևոր
2568 դիտում, 3 տարի առաջ - 2020-03-12 22:03

«Այո» քարոզչության կողմը թույլ է տվել քարոզչական տպագիր նյութերի օրենսդրական պահանջի խախտում. «ՈՉ»-ի հայտարարությունը

«Այո» քարոզչության կողմը թույլ է տվել քարոզչական տպագիր նյութերին վերաբերող օրենսդրական պահանջի խախտում։ Այս մասին այսօր՝ մարտի 12-ին, ֆեյսբուքյան էջում հայտարարություն է տարածել «ՈՉ» քարոզչական կողմը։

Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է.

«Այո» քարոզչության կողմը թույլ է տվել քարոզչական տպագիր նյութերին վերաբերող օրենսդրական պահանջի խախտում

«Այո» քարոզչական կողմը Երեւանի տարբեր հատվածներում տեղադրել է մեծաթիվ «Այո»-ն գովազդող քարոզչական գովազդային պաստառներ (սքրոլլերներ), որոնք պարունակում են հանրաքվեի քարոզարշավը կանոնակարգող պահանջների խախտում։

Այսպես, «Հանրաքվեի մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝քարոզչական տպագիր նյութերը պետք է տեղեկություններ պարունակեն պատվիրատուի, տպագրող կազմակերպության եւ տպաքանակի վերաբերյալ:

Կից ներկայացնում ենք «Այո»-ն գովազդող պաստառների լուսանկարներ, որոնցում տեսանելի է, որ «Այո» քարոզչական կողմը չի պահպանել օրենքի՝ վերը նշված պահանջը։

Միեւնույն ժամանակ, ներկայացնում ենք լուսանկարներ, որոնք վկայում են, որ «Ոչ» քարոզչական կողմը պահպանել է սույն օրենսդրական պահանջը։

Այս պահանջի պահպանման անհրաժեշտությունը բխում է քարոզարշավի թափանցիկության, հանրության առջեւ հաշվետվողականության սկզբունքներից։

«Այո» քարոզչական կողմին կոչ ենք անում վերացնել խախտումը եւ պահպանել «Հանրաքվեի մասին» ՀՀ օրենքի՝ քարոզչությանը վերաբերվող պահանջները, մասնավորապես, հանրության առջեւ հաշվետվողականությանը վերաբերող հարցերում»։