կարևոր
1750 դիտում, 2 տարի առաջ - 2020-03-12 21:01

Գեղարքունիքի մարզպետարանում ստեղծվել է կորոնավիրուսի կանխարգելման միջոցառումների աշխատանքային թիմ

Գեղարքունիքի մարզպետարանում ստեղծվել է կորոնավիրուսի կանխարգելման միջոցառումների աշխատանքային թիմ

Կապված կորոնավիրուսի  կանխարգելման  ուղղությամբ իրականացվող միջոցառումների  հետ՝ Գեղարքունիքի մարզպետարանում ստեղծվել է աշխատանքային թիմ, որի առաջին նիստը տեղի ունեցավ 2020 թվականի մարտի 12-ին, Գեղարքունիքի մարզպետարանում՝ աշխատանքային թիմի անդամների մասնակցությամբ: Հանդիպումը վարեց Գեղարքունիքի մարզպետ, աշխատանքային թիմի ղեկավար  Գնել Սանոսյանը: Մարզում կորոնավիրուսով պայմանավորված դեպքերի  հետ կապված իրավիճակը ներկայացրեց  ՀՀ ԱՆ հիվանդությունների  վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի Գեղարքունիքի մասնաճյուղի աշխատակից Ժաննա Մակարյանը: Նա նշեց, որ վերջին երկու շաբաթների ընթացքում ռիսկային երկրներից մարզ են ժամանել 21 համաքաղաքացիներ, որոնցից այս պահի դրությամբ հսկողության տակ են գտնվում 4-ը: Մնացած քաղաքացիները միանգամայն առողջ վիճակում են: Հրահանգված է կրթական եւ նախակրթական հաստատություններն ապահովել մշտական ջրով եւ ախտահանիչ նյութերով, բուժաշխատակիցների միջոցով ապահովված է ամենօրյա հերթապահություն եւ վերահսկողություն: Ինչպես նշեց թիմի անդամ, մարզպետարանի քարտուղարության ընդհանուր բաժնի պետ Սիմոն Մանուկյանը, մարզում առանձնացված են այն չորս հյուրանոցային համալիրները, որտեղ, անհրաժեշտության դեպքում, կմեկուսացվեն եւ բուժում կստանան հայտնաբերված հիվանդները: Աշխատանքային թիմի մյուս անդամների առաջարկությամբ՝ նպատակահարմար գտնվեց չեղարկել նախօրոք հայտարարված մասսայական բնույթի միջոցառումները եւ նվազագույնի հասցնել մարդկային կուտակումները եւ շփումները: «Մենք առաջին հերթին պետք է ի հայտ բերենք ռիսկային բոլոր վտանգները եւ հստակեցնենք մեր գործողությունների պլանը: Առաջին հերթին հարկավոր է այնպես անել, որ մարդկանց մոտ խուճապային տրամադրություններ չստեղծվեն: Հարկավոր է աշխատանքային ժամերից դուրս պահպանել հերթապահության ռեժիմը  առաջնային առողջության պահպանման օղակում եւ հայտնաբերված դեպքերի մասով ձեռնարկել համապատասխան միջոցներ: Այն դպրոցներում, որտեղ բուժքույրերի կարիք է զգացվում, հարկավոր է բացը լրացնել բուժամբուլատորիաների մասնագետների հաշվին»,- նշեց Գնել Սանոսյանը:

Գեղարքունիքի մարզպետարանում ստեղծված աշխատանքային թիմին հանձնարարվեց Գեղարքունիքի մարզպետի հաստատմանը ներկայացնել երկրի մակարդակով կորոնավիրուսային վարակի բերովի դեպքով /դեպքերով (COVID-19) պայմանավորված Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզում արտակարգ իրավիճակների արձագանքման եւ գործողությունների պլանը:

Խոսրով Խլղաթյան