կարևոր
1017 դիտում, 1 տարի առաջ - 2020-03-12 18:29

Իտալիայից ՀՀ վերադարձողները կենթարկվեն 14-օրյա կարանտինային ռեժիմի

Իտալիայից ՀՀ վերադարձողները կենթարկվեն 14-օրյա կարանտինային ռեժիմի

Մարտի 12-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել ՀՀ-ում կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքները համակարգող հանձնաժողովի նիստը:

Կառավարության լրատվական ծառայությունից հայտնում են, որ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը նշել է. - «Կարծում եմ նաև պետք է անդրադառնանք որոշակի պատասխանատվության ինստիտուտի ներդրմանը կամ ավելի կոնկրետ հասկանանք, թե ինչպես կարող ենք ապահովել տնային մեկուսացման մեջ գտնվող անձանց փաստացի մեկուսացման արդյունավետությունը: Նույնիսկ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը խորհուրդ չի տալիս բոլոր երկիր մուտք գործողներին մեկուսացնել ու կարանտինային գոտում պահել, և դա ֆիզիկապես անհնար է: Բայց տնային մեկուսացման մեջ գտնվողների վերահսկողությունն իրականացնելու համար, կարծում եմ, այդ քննարկումը այսօր այստեղ պետք է տեղի ունենա ու կրկին պետք է որոշումներ կայացնենք այդ առումով»:

Նիստի ընթացքում որոշվել է, որ կիրակի՝ մարտի 15-ին Իտալիայից Հայաստան վերադարձած քաղաքացիները կենթարկվեն 14-օրյա կարանտինային ռեժիմի:

Առողջապահության նախարարությանը հանձնարարվել է Արդարադատության նախարարության հետ միասին առաջարկել տարբերակներ տնային ինքնամեկուսացման ռեժիմը խախտողների նկատմամբ պատասխանատվություն կիրառելու վերաբերյալ:

Փոխվարչապետի կողմից հանձնարարվել է բոլոր պետական գերատեսչություններում առավել խստացնել կանխարգելիչ բժշկական միջոցառումները:

Հիշեցնենք, որ այս պահի դրությամբ Հայաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսի 4 դեպք: