կարևոր
1441 դիտում, 1 տարի առաջ - 2020-03-12 17:47

ՀՀ-ում կորոնավիրուսով վարակվածներից Իտալիայի քաղաքացին նախորդ շաբաթ աշխատել է «Թումո»-ում

ՀՀ-ում կորոնավիրուսով վարակվածներից Իտալիայի քաղաքացին նախորդ շաբաթ աշխատել է «Թումո»-ում

Հայաստանում երեկ հայտնաբերված կորոնավիրուսով վարակված երեք քաղաքացիներից մեկը՝ Իտալիայի քաղաքացին, նախորդ շաբաթվա ընթացքում աշխատել է «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում: Այս մասին Tert.am-ին հայտնել է կենտրոնի հաղորդակցության բաժնի ղեկավար Զառա Բուդաղյանը:

Ըստ լրատվականի՝ «Թումո»-ի 6-րդ հարկում ընթացել է շինարարություն, իսկ շինարարական խմբի հրավիրված մասնագետներից մեկն էլ վիրուսով վարակված Իտալիայի քաղաքացին է եղել։

Բուդաղյանը նշել է, որ այդ անձը չի ունեցել որևէ մուտք ո՛չ «Պիքսարտ» ընկերության, ո՛չ «Թումո»-ի աշխատանքային տարածք: 

«Նա շենք մուտք է գործել աշխատանքային մուտքից ու բարձրացել հենց 6-րդ հարկ, որտեղ չկա ոչ մի աշխատակից՝ բացի շինարարական աշխատանքային խմբից: «Թումո»-ում կա մուտք, որից ներս են մտնում ուսանողները, և մուտք, որից ներս են մտնում «Թումո»-ի և մյուս գրասենյակների աշխատակիցները: Այսինքն՝ քաղաքացին ո՛չ «Թումո»-ի ուսանողների, ո՛չ աշխատակազմի հետ շփում չի ունեցել»,- ընդգծել է կենտրոնի հաղորդակցության բաժնի ղեկավարը՝ նշելով նաև, թե տեղյակ չէ՝ շինարարական աշխատանքային խմբում քանի աշխատակից կա:

Նշենք, որ այսօր ավելի վաղ «Թումո» կենտրոնը հայտարարություն էր տարածել, որ կենտրոնում դասապրոցեսը մեկ ամսով դադարեցվում է:

Հիշեցնենք՝ Հայաստանում կորոնավիրուսով վարակման ևս 3 նոր դեպքի մասին հայտնի դարձավ երեկ: Նրանցից մեկը Էջմիածին քաղաքի բնակիչ է, որը մարտի 8-ին մասնակցել է նշանադրության արարողության: Ընդհանուր առմամբ, Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 4 դեպք։