կարևոր
1427 դիտում, 2 տարի առաջ - 2020-03-12 16:09

Բելառուսը պատրաստ է Հայաստանին տրամադրել տնկիներ՝ 10 մլն ծառ տնկելու ծրագիրն իրականացնելու համար

Բելառուսը պատրաստ է Հայաստանին տրամադրել տնկիներ՝ 10 մլն ծառ տնկելու ծրագիրն իրականացնելու համար

Հայաստանում 10 մլն ծառ տնկելու ծրագրի համար Բելառուսի կառավարությունը այդ քանակությամբ տնկի տրամադրելու պատրաստակամություն է հայտնում: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Բելառուսի անտառային տնտեսության նախարար Վիտալի Դրոժժան:

«Շուտով հանդիպելու եմ ՀՀ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանի հետ, և, կարծում եմ՝ կքննարկենք այդ հարցը: 2019 թվականին 50 հազար ծառ ենք տնկել Հայաստանում և ստեղծել ենք հայ-բելառուսական Բարեկամության անտառ: Մենք պատրաստ ենք այդ քանակության ծառ ուղարկել Հայաստան»,- նշեց Բելառուսի անտառային տնտեսության նախարարը և հավելեց, որ Բարեկամության անտառի պաշտոնական բացումը տեղի կունենա մարտի 13-ին։

Դրոժժան հույս հայտնեց, որ մոտակա ժամանակում իրենք այդ հարցի շուրջ դրական արդյունքներ կունենան: Նա կարևորեց այն փաստը, որ Հայաստանը լուրջ ուշադրություն է դարձնում երկրում անտառվերականգնման հարցին:

«Բելառուսի Հանրապետությունում անտառները կազմում են մոտ 40 տոկոսը, իսկ Հայաստանում՝ 11: Գովելի է այն հանգամանքը, որ ձեր երկիրն իր առջև խնդիր է դրել՝ մինչև 2050 թվականն ամենաքիչը կրկնապատկել այդ թիվը: Մեր ուժերի ներածին չափով այդ հարցում պատրաստ ենք աջակցել Հայաստանին, քանի որ մենք այդ ոլորտում մեծ փորձ ունենք», ասաց Դրոժժան:

2020թ.-ին 10 մլն ծառ տնկենու ծրագրի նախապատրաստական աշխատանքներն արդեն մեկնարկել են: «Հայանտառի» կողմից անտառային հողերում առանձնացվել է 6 հազար հա տարածք: Հայաստանը պարտավորություն է ստանձնել մինչև 2050 թվականը անտառածածկը կրկնապատկել, ինչը ենթադրում է 265 հազար հա լրացուցիչ անտառի տնկում: