ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը և Բելառուսի անտառային տնտեսության նախարար Վիտալի Դրոժժան ստորագրեցին առևտրատնտեսական համագործակցության հայ-բելառուսական միջկառավարական հանձնաժողովի 14-րդ նիստի արձանագրությունը:
Lրագրողների հետ զրույցում՝ Դրոժժան նշեց, որ նիստի ընթացքում քննարկվել են երկու երկրի առևտրատնտեսական համագործակցությանն առնչվող և երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։
«Նիստի ընթացքում քննարկվել են, մասնավորապես, արդյունաբերության և արդյունաբերական կոոպերացիայի, տրանսպորտի, գյուղատնտեսության, գիտատեխնիկական, բարձր տեխնոլոգիաների, նորարարության և թվայնացման, էներգետիկայի ոլորտներում, մշակույթի, կրթության, սպորտի և առողջապահության բնագավառներում համագործակցության զարգացման հնարավորությունները։ Արձանագրության ստորագրումից առաջ շատ մեծ աշխատանքներ են իրականացվել, այժմ այն արդեն ստորագրել ենք, և մեր առջև դրված են հստակ խնդիրներ, որոնք պետք է կատարենք»,- նշեց Դրոժժան և հավելեց, որ հայ-բելառուսական համագործակցության արդյունքները գոհացնում են իրեն, քանի որ նկատվում է առևտրաշրջանառության աճ:
Տիգրան Խաչատրյանը նշեց, որ Հայաստանը Բելառուսի հետ շատ սերտ համագործակցում է տարբեր ոլորտներում, ինչպես նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի շրջանակում:
«Բելառուսը հետաքրքրված է Հայաստանում այնպիսի ներդրումային համագործակցության զարգացման հեռանկարներով, որոնք ուղղված կլինեն նաև հարևան երկրներին, ոչ միայն Հայաստանի ներքին շուկային: Վիտալի Դրոժժայի հետ պայմանավորվել ենք, որ երկու կողմում էլ պետք է անել ամեն ինչ, որպեսզի գործարարների ներդրումային ծրագրերն առաջ մղելու հետ կապված հարցերը հնարավորինս արագ լուծվեն»,- ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարարը: