9154 դիտում, 2020.03.12 12:30

Հանրաքվեն եթե պետք լինի կչեղարկվի. Նիկոլ Փաշինյան

Հանրաքվեն եթե պետք լինի կչեղարկվի. Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վստահեցնում է՝ ապրիլի 5-ին կայանալիք սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քարոզարշավն այս պահին շարունակվում է, քանի որ այն ընդհատելու անհրաժեշտություն չկա, եթե կորոնավիրուսով պայմանավորված լինի անհրաժեշտություն, կընդհատեն: Այս մասին Փաշինյանը ասել է Ջերմուկում՝ լրագրողների հետ զրույցում:

«Եթե կորոնավիրուսով վարակվածների թիվը մեծ լինի, կառավարությունը դրա մասին կհայտարարի առաջինը: Այս պահին ինչ խնդիր կա, ես երեկ երեկոյան ներկայացրել եմ, եթե լինի ավելի մեծ ռիսկ, այդ մասին կհայտարարվի»,-նշել է Փաշինյանը:

Նրա խոսքով հիմա այդ անձանց հետ շփված բոլոր մարդկանց շրջանակը պարզվում է, և ձեռնարկվում են անհրաժեշտ գործողություններ:

«Ընդ որում, կարող են լինել մարդիկ, որ կմեկուսացվեն «Գոլդեն փելես»-ում, բայց կարող են լինել մարդիկ, որոնց որոշ հանգամանքներից ելնելով խնդրենք մեկուսանան իրենց տանը»,-ասել է նա:

Հարցին, թե քարոզարշավը շարունակվելու է, նա ասաց՝ ինչպես տեսնում եք, շարունակվում է: «Եթե անհրաժեշտություն ծագի ընդհատելու, կընդհատենք: Քանի դեռ չենք ընդհատել, ուրեմն նման անհրաժեշտություն չկա»,-ասել է Փաշինյանը:

Հիշեցնենք, որ մարտի 11-ին Հայաստանում գրանցվել էր կորոնավիրուսի 3 հաստատված դեպք: 1 դեպք գրանցվել էր մարտի 1-ին: Դեպքերը չորսն են, կարանտինի մեջ գտնվող անձինք՝ 41-ը:

կիսվել նյութով -