կարևոր
1072 դիտում, 1 տարի առաջ - 2020-03-11 20:00

Օգնության ընտրված ձևաչափը վերածվեց անազնիվ քարոզչական հնարքի, որին չարձագանքել չենք կարող․ «ՈՉ» քարոզչության կողմ

«ՈՉ» քարոզչության կողմը հայտարարություն է տարածել կուրթանցի անապահով ընտնաիքին «ԱՅՈ» քարոզչական կողմի խոստացած օգնության վերաբերյալ.

«Այսօր առավոտյան ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, «այո» քարոզչության կողմի անդամ Սիփան Փաշինյանը ֆեյսբուքյան գրառում էր կատարել, որում նշել էր, որ պատրաստվում է այցելել Կուրթան գյուղի բնակիչ Մեխակ Առաքելյանին, և որ «լավ լուր ունի [Մ.Առաքելյանի] համար»։ Վերջինս օրեր առաջ հանրությանը հայտնի դարձավ մեծ հնչեղություն ստացած միջադեպի կապակցությամբ։

Արդեն այսօր պատգամավորն այցելել է Մեխակ Առաքելյանի կացարան և նշել, որ իր հետ կապվել են տարբեր քաղաքացիներ, ովքեր պատրաստակամություն են հայտնել օգնել սոցիալական լուրջ խնդիրներ ունեցող Մ.Առաքելյանի ընտանիքին, և ինքը հենց այդ քաղաքացիների խնդրանքով է այցելել նրան։ Պատգամավորը ավելացրել է, որ եթե քաղաքացիներին հետաքրքի, ինքը հանրաքվեից հետո ավելի «մանրամասն կներկայացնի ամեն ինչ»։ Հատուկ կարևորելով հարցի բարոյական կողմը՝ մենք շատ ուրախալի ենք համարում, որ Մ.Առաքելյանի ընտանիքին օգնություն է տրամադրվելու։ Սակայն հանրաքվեին ընդառաջ՝ քարոզարշավի փուլում, հրապարակայնորեն նման գործողություններ իրականացնելը, մասնավորապես՝ անապահով ընտանիքին աջակցություն ցուցաբերելու հարցում հանրության առջև սեփական դերակատարությունն ի ցույց դնելը ակնհայտորեն անհամատեղելի է «Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքի 17-րդ հոդվածի 15-րդ մասի 1-ին կետի պահանջներին։ Հավատացնում ենք, որ մենք որևէ կերպ չէինք արձագանքի, եթե պարզվեր, որ օգնությունը փաստացի տրամադրվել է, սակայն «առանց ֆեյսբուքի և տեսախցիկների»։ Ավելին, դա կդիտեինք որպես մարդասիրական և արդարացի քայլ։ Բայց ընտրված ձևաչափը փաստորեն վերածվեց անազնիվ քարոզչական հնարքի, որին չարձագանքել չենք կարող։ Միևնույն ժամանակ, «Ոչ» քարոզչության կողմը հայտարարում է, որ կոնկրետ այս միջադեպը չենք ներառելու քարոզչության ընթացքի վերաբերյալ՝ մեր կողմից մշակվող հանրային զեկույցում և չենք բարձրաձայնելու միջազգային գործընկերների առջև»,- ասված է հայտարարությունում: 

Նշենք, որ իր հերթին Նիկոլ Փաշինյանն էլ Սիսիանում «Այո» հանրաքվեի քարոզարշավի հանրահավաքի ընթացքում ներողություն խնդրեց Կուրթան գյուղի բնակչից՝ ընդունելով իր սխալը։