կարևոր
1952 դիտում, 3 տարի առաջ - 2020-03-11 19:45

Ճապոնիայի 2011-ի երկրաշարժի զոհերի հիշատակի այս տարվա միակ արարողությունը կայացել է Սպիտակում

 Ճապոնացիներն  ամեն տարի հարգանքի տուրք են մատուցում այդ երկրում 2011թ. տեղի ունեցած երկրաշարժի զոհերի հիշատակին, բայց այս տարի, կորոնավիրուսով պայմանավորված, Ճապոնիայում միջոցառումներ չեն իրականացվել, և միակ հիշատակի միջոցառումն մարտի 11-ին Սպիտակում անցկացված ցավակցական միջոցառումն է: Այս մասին նշել է Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջուն Յամադան՝  Լոռու մարզի Սպիտակ քաղաքում կայացած հիշատակի արարողության ժամանակ, որին մասնակցել են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը, Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը, ԱԻՆ և այլ պաշտոնատար անձինք։

Ինչպես տեղեկացնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հարգանքի տուրքի արարողությունը տեղի է ունեցել 2011թ. Ճապոնիայի արևելյան հատվածը պատուհասած երկրաշարժի հետևանքով զոհվածների պատվին տեղադրված խաչքարի մոտ, որը կանգնեցվել է 2012 թվականին` ի նշան ճապոնացիների նկատմամբ մարդասիրության և գնահատանքի:

«ԱԻ նախարարը, ոգեկոչելով աղետի հետևանքով զոհվածներին, համոզմունք հայտնեց, որ մեր երկու ժողովուրդները` որպես բնական աղետների հետևանքով տուժածներ, առավել ընկալելի և հասկանալի են միմյանց համար, և փոխադարձ կարեկցանքը մտերմացրել է մեզ:

Ճապոնացիների պատվին տեղադրված խաչքարը մի սրբավայր դարձած պուրակում է, որտեղ կոթողներ են կառուցված Սպիտակի երկրաշարժի հետևանքով զոհվածների և Ապրիլյան պատերազմի զոհերի հիշատակին: Ֆելիքս Ցոլակյանը նշեց, որ հայերս ճակատագրի և հավատամքի բերումով շատ զգայուն ենք տանում դիմացինի ցավը և պատրաստ ենք կարեցածի առավելագույնն անել այն սփոփելու համար:

Լոռու մարզպետը, հիշատակելով Սպիտակի ավերիչ երկրաշարժը, շատ բնական համարեց, որ խաչքարը տեղադրվել է Սպիտակում: Նա, հարգանքի տուրք մատուցելով 2011 թ. Ճապոնիայի երկրաշարժի զոհերի հիշատակին, նաև երախտագիտություն հայտնեց Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպանին և Ճապոնիայի կառավարությանը՝ Լոռու մարզին ցուցաբերած զգալի օժանդակության համար:

Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջուն Յամադան խորին երախտագիտություն հայտնեց հայ ժողովրդին, ՀՀ կառավարությանը, Հայ Առաքելական եկեղեցուն՝ 2011թ.  երկրաշարժից հետո Ճապոնիայի ժողովրդին բազմակողմանի և անգնահատելի աջակցություն ցուցաբերելու համար: Միևնույն ժամանակ, կարեկցանք հայտնեց 1988 թ.-ի Սպիտակի զոհերի հիշատակին: Նա տեղեկացրեց, որ ճապոնացիները 2011թ-ից հետո, ամեն տարի հարգանքի տուրք են մատուցում զոհերի հիշատակին, բայց այս տարի, կորոնավիրուսով պայմանավորված, Ճապոնիայում միջոցառումներ չեն իրականացվել, և միակը Սպիտակում անցկացվող ցավակցական միջոցառումն է:

Ջուն Յամադան հավաստիացրեց, որ ճապոնացիները երբեք չեն մոռանա երախտագետ հայ ժողովրդին»,- նշված է հաղորդագրության մեջ: