կարևոր
1963 դիտում, 3 տարի առաջ - 2020-03-11 18:21

ՊՆ-ն իրականացնում է լրջագույն միջոցառումներ՝ ուղղված գնումների գործընթացում ներգրավված աշխատակիցների բարեվարքության բարձրացմանը. պարզաբանում

ՊՆ-ն իրականացնում է լրջագույն միջոցառումներ՝ ուղղված գնումների գործընթացում ներգրավված աշխատակիցների բարեվարքության բարձրացմանը. պարզաբանում

 ՀՀ պաշտպանության նախարարությունը արձագանքել է  Պետական վերահսկողական ծառայության պաշտոնական կայքում տեղադրված հաղորդագրության բովանդակությանը։ Պաշտպանական գերատեսչության կողմից տարածած հաղորդագրությունն ամբողջությամբ ներկայացնում ենք Ձեր ուշադրությանը։ 

«ՀՀ պետական վերահսկողական ծառայության պաշտոնական www.supervision.am կայքէջում հրապարակված հաղորդագրության համաձայն՝ վերջինս ուսումնասիրություն է իրականացրել ՀՀ պաշտպանության նախարարությունում՝ 2019 թվականի կարիքների համար դիզելային վառելանյութի ձեռքբերման գնման գործընթացի օրինականության և արդյունավետության նկատմամբ: Ուսումնասիրության արդյունքում կազմված տեղեկանքն ուղարկվել է ՀՀ դատախազություն՝ արձանագրված խախտումներին քրեաիրավական գնահատական տալու նպատակով:

Նշվածի կապակցությամբ ՀՀ պաշտպանության նախարարությունը հարկ է համարում տեղեկացնել, որ յուրաքանչյուր բյուջետային տարվա ընթացքում ՀՀ ՊՆ-ն իրականացնում է շուրջ 1000-1100 գնման գործընթաց, որոնցից յուրաքանչյուրը միջինում պարունակում է 8-10 չափաբաժին: Ընդ որում, օրական կտրվածքով միաժամանակ ընթացող և տարբեր փուլերում գտնվող գնման ընթացակարգերը տատանվում են 50-200-ի շրջանակում, իսկ նշված ընթացակարգերի արդյունքում արդեն իսկ կնքված պայմանագրերի կատարման հետ կապված գործընթացները պատկառելի ծավալ են կազմում:

Գնման ընթացակարգերի կազմակերպման և պայմանագրերի կատարման նշված ծավալի մեջ, բնականաբար,  կարող են արձանագրվել ինչպես բողոքներ, այնպես էլ թերացումներ և մատակարարումների հետ կապված խնդիրներ: Այդ հանգամանքով պայմանավորված՝ ՊՆ գնումները մշտապես գտնվում են ստուգումներ իրականացնող և իրավապահ տարբեր մարմինների ուշադրության կենտրոնում։ Այս առումով, օրինաչափ է, որ ՊՆ գնումների գործընթացի շրջանակում պարբերաբար նախաձեռնվում են ինչպես քրեական, այնպես էլ դատական գործընթացներ:

Հարկ ենք համարում նշել, որ վերոհիշյալ թերացումների մասով չի բացառվում ՊՆ համակարգի պատասխանատուների բարեվարքության հետ կապված խնդիրների առկայությունը։ Այդուհանդերձ, հավաստիացնում ենք, որ ՀՀ ՊՆ-ն մշտապես և հետևողականորեն իրականացնում է լրջագույն միջոցառումներ՝ ուղղված հատկապես գնումների գործընթացում ներգրավված աշխատակիցների բարեվարքության բարձրացմանն ու ամրապնդմանը»: