կարևոր
1727 դիտում, 3 տարի առաջ - 2020-03-11 17:40

Արմեն Սարգսյանը հանդիպել է Ռուստամ Բադասյանի հետ

Արմեն Սարգսյանը հանդիպել է Ռուստամ Բադասյանի հետ

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն աշխատանքային հանդիպում է ունեցել արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի հետ: Yerkirmedia.am-ին այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից: 

Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանում սահմանադրական փոփոխությունների օրակարգին, դատաիրավական բարեփոխումներին, կոռուպցիայի դեմ պայքարին, մարդու իրավունքների պաշտպանությանը, այս ոլորտներում միջազգային համագործակցությանն, ինչպես նաև մի շարք այլ հարցերի:

Նախարարը Սարգսյանին տեղեկացրել է սահմանադրական փոփոխությունների մասնագիտական հանձնաժողովի գործունեության մասին:

Կարևորելով սահմանադրական բարեփոխումները՝ նախագահ Սարգսյանն ասել է, որ Սահմանադրությունը ժամանակի մարտահրավերների պայմաններում ապրող և զարգացող իրավական փաստաթուղթ է: Նախագահի խոսքով՝ Սահմանադրության ցանկացած փոփոխություն, կատարելագործում պետք է հիմնված լինի իրավունքի գերակայության սկզբունքի վրա՝ նպաստելով մեր պետության անցնցում, բնականոն զարգացմանը:

Արմեն Սարգսյանը նաև ներկայացրել է իր պատկերացումներն ու մոտեցումները սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ: Նա նշել է երկրի հիմնական օրենքի մշակման գործընթացում հասարակության հնարավորինս լայն շերտերի մասնակցության կարևորությունը: Արմեն Սարգսյանն ասել է, որ նախագահի աշխատակազմը պատրաստակամ է իր առաջարկություններով և կարողություններով համագործակցել թե նախարարության, թե սահմանադրական փոփոխությունների մասնագիտական հանձնաժողովի հետ:

Երկուստեք կարևորվել են նման հանդիպումները: