կարևոր
2313 դիտում, 3 տարի առաջ - 2020-03-11 15:20

Գավառում եւ Մարտունիում բացվել են ընտանեկան բռնության ենթարկված կանանց աջակցության կենտրոններ

Գավառում եւ Մարտունիում բացվել են ընտանեկան բռնության ենթարկված կանանց աջակցության կենտրոններ

Գեղարքունիքի մարզկենտրոն Գավառում եւ Մարտունի քաղաքում պետական աջակցությամբ բացվել եւ գործում են Ընտանեկան բռնության ենթարկված կանանց աջակցության կենտրոններ: Այս մասին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի մոտ հրավիրված հանդիպման ժամանակ հավաստել է «Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» հասարակական կազմակերպության նախագահ, նորաստեղծ կենտրոնների գործունեության համակարգող Անահիտ Գեւորգյանը:

«Ընտանեկան բռնության ենթարկված կանանց աջակցության մարզային նորաբաց կենտրոնների նպատակն է աջակցություն ցուցաբերել ընտանեկան բռնության ենթարկված կանանց և երեխաներին, նրանց անվճար հիմունքներով տրամադրել ապաստարաններ, իրավաբանական, հոգեբանական, փաստաբանական ուղղորդումներ:  Աշխատանքները կենտրոններում  իրականացվում են հոգեբանի, իրավաբանի և սոցիալական աշխատողի միջոցով: Կենտրոններ կարող են դիմել բռնության ենթարկված անձինք, երեխաներ, որտեղ նրանք կստանան անհրաժեշտ խորհրդատվություն, աջակցություն եւ ապաստան՝ խնդիրների լուծման ընթացքում: Բոլոր տեսակի ծառայությունները մատուցվում են անվճար: Ծրագրի տեւողությունը մեկ տարի է: Այս ծրագիրը կարեւորվում է նրանով, որ ավելի ընդգրկուն  կանխարգելիչ  գործունեություն է ծավալում եւ լրացնում այն բացը, որն առկա է ոստիկանության անչափահասների տեսչության գործունեության մեջ: Մենք ակնկալում ենք մարզպետարանի եւ պետական այլ կառույցների աջակցությունը բռնության ենթարկված անձանց մեր կենտրոններ ուղղորդելու հարցում: Ակնկալում ենք  մարզպետարանի աջակցությունը նաև մարզային ենթակայության կրթական հաստատություններում բռնության ենթարկված ծնողների հետ հանդիպումներ կազմակերպելու համար»,- նշել է Անահիտ Գևորգյանը:

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը կարևորել է նման կենտրոնների դերը մարզի տարբեր տարածաշրջաններում, հույս հայտնելով, որ դրանք իրենց գործունեությամբ կմեղմեն ընտանեկան բռնության դեպքերը: Կողմերը պայմանավորվածություն ձեռք բերեցին` իրազեկման  եւ հետագա համագործակցության նպատակով առաջիկայում կազմակերպել  եւս մեկ հանդիպում, որին կմասնակցեն ընտանեկան բռնության կանխարգելման գործում շահագրգռվածություն ցուցաբերող կազմակերպությունների ներկայացուցիչները: