կարևոր
959 դիտում, 1 տարի առաջ - 2020-03-11 13:20

ՀՀ ՄԻՊ-ի աշխատանքը փախստականների իրավունքների պաշտպանության ոլորտում օրինակելիներից է Եվրոպայում

ՀՀ ՄԻՊ-ի աշխատանքը փախստականների իրավունքների պաշտպանության ոլորտում օրինակելիներից է Եվրոպայում

Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցը (ENNHRI) հրապարակել է փախստականների և ապաստան հայցող անձանց իրավունքների պաշտպանության և խթանման վերաբերյալ հատուկ զեկույց, որտեղ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի փորձը փախստականների և ապաստան հայցող անձանց, այսինքն՝ միգրանտների իրավունքների ապահովման ոլորտում համարվել է առաջատարներից մեկը Եվրոպայում: Լուրը հայտնում են Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից:

Ընդհանուր առմամբ՝ ENNHRI-ի նպատակն է պաշտպանել և խթանել մարդու իրավունքները Եվրոպայում: Կառույցին անդամակցում են 40 ԵՄ և ԵԽ մարդու իրավունքների ազգային հաստատություն: Ցանցը ծառայում է իբրև տարբեր ոլորտներում անդամների փորձի փոխանակման, աջակցման և ընդհանուր խնդիրների համար արդյունավետ հարթակ: 

Զեկույցում անդրադարձ է կատարվել Պաշտպանի՝ հատուկ հաստատություններ իրականացվող մշտադիտարկման այցերին: Նշվել է նաև Հայաստանի և Վրաստանի օմբուդսմանների աշխատակազմերի կողմից սահմանային անցման կետերում համատեղ մշտադիտարկման փորձը։

Որպես դրական օրինակ՝ նշվել է Պաշտպանի, ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան ներկայացուցչության ու Հայկական Կարմիր խաչի ընկերության համագործակցության շրջանակներում շահագրգիռ կողմերի համար կազմակերպված վերապատրաստումներն ու քննարկումները:

Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցը միջազգային զեկույցում անդրադարձ է կատարել նաև «Փախստականների և ապաստան հայցող անձանց իրավունքների ապահովման վերաբերյալ» Պաշտպանի արտահերթ զեկույցին՝ մատնանշելով կատարված ուսումնասիրությունները,  օրենսդրության և Միգրացիոն ծառայության որոշումների վերաբերյալ Պաշտպանի առաջարկները: