կարևոր
1678 դիտում, 2 տարի առաջ - 2020-03-10 21:29

ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն այսօր ընդունել է ՀՀ-ում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպանին

ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն այսօր ընդունել է ՀՀ-ում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպանին

ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն այսօր ընդունել է ՀՀ-ում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Աբաս Բադախշան Զոհուրիին: Այս մասին հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից:

Նախարարը շնորհավորել է դեսպանին նշանակման կապակցությամբ և հույս հայտնել, որ դեսպանի մասնագիտական փորձը կնպաստի երկկողմ կարևորության հարցերի լուծմանը և տնտեսական փոխգործակցության զարգացմանը:

Դեսպանը շնորհակալություն է հայտնել նախարարին ջերմ ընդունելության համար և ընդգծել, որ պատմամշակութային երկարամյա բարեկամությունը և ամուր հարաբերությունները կնպաստեն յուրաքանչյուր ճգնաժամային իրավիճակի համատեղ հաղթահարմանը:

Ի կատարումն Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքները համակարգող հանձնաժողովի նիստի շրջանակում փոխվարչապետ Տիգրան Ավինյանի կողմից տրված հանձնարարականի՝ քննարկվել են բեռնաշրջանառության ընթացակարգերին և բեռնափոխադրումների վերահսկմանն առնչվող մի շարք հարցեր: Իրանական կողմի դիտարկումներն ընդունվել են ի գիտություն:

Նախարար Տիգրան Խաչատրյանը և ԻԻՀ դեսպանը քննարկել են առևտրատնտեսական օրակարգի մի շարք այլ հարցեր: Նախարարը հույս է հայտնել, որ երկու բարեկամ երկրների տնտեսական հարաբերությունները օր առաջ կվերադառնան բնականոն հունին: