«Լիդիան Արմենիա» ընկերության մի շարք աշխատակիցներ պատրաստվում են դատի տալ կառավարությանը՝ պահանջում են փոխհատուցել Ամուլսարի հանքի չշահագործման պատճառով իրենց կրած նյութական վնասները: Աշխատակիցների խոսքով՝ իրենց իրավունքներն արդեն երկու տարի ոտնահարվում են, եւ քանի որ կառավարությունը որեւէ քայլ չի կատարում հանք տանող ճանապարհները բացելու եւ հանքի աշխատանքի վերսկսման համար պայմաններ ստեղծելու ուղղությամբ, իրենց, այլ ելք չունենալով, ստիպված դատարան են դիմում:
Կառավարությունից ֆինանսական փոխհատուցում են պատրաստվում պահանջել ոչ միայն վերջին 2, այլեւ ընդհանուր առմամբ՝ 10 տարվա համար, քանի որ հենց այդքան ժամանակ էլ հանքը պետք է շահագործվեր: Պնդում են՝ մինչեւ վերջ գնալու են՝ մինչեւ Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Աշխատատեղերի բացակայության պատճառով, ինչպես հարակից համայնքների՝ հանքում աշխատած բնակիչներն են նշում, բնակավայրերը դատարկվում են: