կարևոր
1170 դիտում, 1 տարի առաջ - 2020-03-10 20:00

Հայաստանը ՄԱԿ-ի Կանանց կարգավիճակի հանձնաժողովի 64-րդ նստաշրջանը նախագահող երկիրն է

Հայաստանը ՄԱԿ-ի Կանանց կարգավիճակի հանձնաժողովի 64-րդ նստաշրջանը նախագահող երկիրն է

ՄԱԿ-ի Նյու Յորքի կենտրոնակայանում ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանի նախագահությամբ մարտի 9-ին տեղի է ունեցել ՄԱԿ-ի Կանանց կարգավիճակի հարցերով հանձնաժողովի 64-րդ նստաշրջանի բացման նիստը, որին ելույթ են ունեցել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նախագահ Թիջջանի Մուհամմադ Բանդեն, ՄԱԿ-ի մարմինների բարձրաստիճան պաշտոնյաներ, երիտասարդության և քաղաքացիական հասարակության պատվիրակներ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից։

«Կանանց հարցերով 4-րդ համաշխարհային համաժողովի՝ Պեկինի հռչակագրի և Գործողությունների հարթակի ընդունման 25-ամյա հոբելյանին նվիրված նիստի ընթացքում ընդունվեց Քաղաքական հռչակագիր, որում շեշտվում է կանանց և աղջիկների բոլոր իրավունքների և հիմնարար ազատությունների լիարժեք և հավասար իրացման, հասարակական կյանքի տարբեր ոլորտներում կանանց մասնակցության, նրանց նկատմամբ բռնության բոլոր ձևերի դեմ պայքարի, արդարադատության մատչելիության ապահովման կարևորությունը և մի շարք այլ առանցքային ոլորտներում արդյունավետ գործողությունների անհրաժեշտությունը։ Հռչակագրում վերահաստատվում է կանանց և աղջիկների առաջխաղացման կարևորությունը ՄԱԿ Կայուն զարգացման նպատակների իրականացման համար:

Իր ողջույնի ուղերձում ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը կարևորեց անդամ պետությունների կողմից գենդերային հավասարության հասնելու, բոլոր կանանց և աղջիկների առաջխաղացման և ամենուրեք նրանց իրավունքների իրացման ընդհանուր նպատակին հասնելու իրենց քաղաքական կամքի և հստակ հանձնառության հաստատումը։ Դեսպան Մարգարյանն ընդգծեց հանրային կյանքում կանանց առանցքային դերը, որոնք եղել են հեղափոխական վերափոխումների առաջին շարքերում՝ հանդիսանալով խաղաղ և հարատև փոփոխությունների երաշխավորներ։

ՀՀ մշտական ներկայացուցչի ուղերձը հասանելի է Կանանց կարգավիճակի հանձնաժողովի  կայքում՝ https://www.unwomen.org/en/csw/csw64-2020։

Տեղեկանք․ ՄԱԿ Կանանց կարգավիճակի հանձնաժողովը կանանց իրավունքների, գենդերային հավասարության և կանանց առաջխաղացմանն առնչվող ոլորտներում քաղաքականություն մշակող հիմնական միջկառավարական մարմինն է։ Հանձնաժողողովի 45 անդամ երկրներն ընտրվում են տարածաշրջանների աշխարհագրական հավասար ներկայացվածության սկզբունքով։ Հայաստանն ընտրվել է հանձնաժողովի անդամ 2019-2023 թվականների համար։ 2019թ-ի մարտի 22-ին ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանն ընտրվել է Կանանց կարգավիճակի հարցերով հանձնաժողովի նախագահ՝ 64-րդ և 65-րդ նստաշրջանների համար»,- նշված է հաղորդագրության մեջ։