կարևոր
2024 դիտում, 3 տարի առաջ - 2020-03-10 19:31

Գյումրիում ծեծի ենթարկված աղջկա խնամակալի հարցը կքննարկվի հարազատների վերջնական որոշումից հետո

Գյումրիում ծեծի ենթարկված աղջկա խնամակալի հարցը կքննարկվի հարազատների վերջնական որոշումից հետո

Գյումրի քաղաքի խնամակալության եւ հոգաբարձության հանձնաժողովը մարտի 10-ին քննել է Գյումրիում դաժան ծեծի ենթարկված 13-ամյա աղջկա եւ եղբոր գործը՝ ճանաչելով նրանց որպես առանց ծնողական խնամքի մնացած երեխաներ: Այս որոշումից հետո երեխաները  կկարողանան ստանալ օրենքով սահմանված կենսաթոշակային գումար: Աղջկա նկատմամբ խնամակալության հարցը  հանձնաժողովը այս նիստին չի քննարկել, թեև  խնամակալությունը ստանձնելու մեկ  դիմում է ստացել: Հարցը կքննարկվի միայն հարազատների վերջնական որոշումից հետո: 

«Խնամակալության հարցն այս պահին հետաձգել ենք, կսպասենք հարազատների արձագանքին: Արձագանք, ի դեպ, դեռ չի եղել, իսկ եթե նրանց կողմից արձագանք այդպես էլ  չլինի, արդեն կանդրադառնանք խնամակալության դիմումին»,- տեղեկացրեց խնամակալության եւ հոգաբարձության հանձնաժողովի նախագահ Էդուարդ Բաղրամյանը՝ կարևորելով նաև եղբոր խնամակալի հարցը:

«Հիմա մենք շատ ենք խոսում աղջկա մասին, բայց չմոռանանք նաև, որ տղան ևս անչափահաս է, չափահաս է դառնալու սեպտեմբերին, և այս պահին նրա հետ կապված ևս խնդիր կա: Հնարավոր է, որ 18 տարին լրանալուց հետո, եղբայրն ինքը ցանկություն հայտնի դառնալ խնամակալ, բայց այս պահին դեռ ոչինչ չենք կարող ասել»,-հստակեցրեց Էդուարդ Բաղրամյանը:

Տղան, մոր կենդանության օրոք ու թույլտվությամբ տղան մեկնել է հորաքրոջ մոտ ՌԴ, բայց տղայի խնամակալության համար այս պահին հորաքույրը դեռ չի դիմել:

Մարտի 5-ին, ժամը 14:50-ի սահմաններում, շտապօգնության կայանից ոստիկանության Մուշի բաժնում ահազանգ էր ստացվել, որ Գյումրու Պռոշյան 14 հասցեից մարմնական վնասվածքներով «Մոր և մանկան ավստրիական» հիվանդանոց էր տեղափոխվել 13-ամյա աղջնակ։ Շտապօգնության կայանից հայտնեցին նաև, որ երեխայի մայրը տանը մահացած է։ Դեպքի վայր էին մեկնել օպերատիվ-քննչական խմբեր։ 43-ամյա կնոջ դիակի զննությամբ պարզ էր դարձել, որ մարմնին վնասվածքներ կան։ Տարածքային քննչական բաժնում քրեական գործ էր հարուցվել, որի շրջանակներում Մուշի քրեական հետախույզները, համագործակցելով Շիրակի մարզային վարչության ծառայողների հետ, պարզել են կատարվածի մի շարք հանգամանքներ՝ բացահայտելով  հանցագործությունը։ Նախնական տվյալներով՝ կնոջը կենցաղային հարցերի շուրջ ծագած վեճի ընթացքում ծեծել էր նրա մտերիմը։ 28-ամյա երիտասարդը խփել էր նաև վեճին միջամտած դստերը։ Ստացած մարմնական վնասվածքների պատճառով կինը մահացել էր:

Գյումրու Շիրակացու փողոցի բնակիչ, 28-ամյա երիտասարդը հայտնաբերվել և բերման էր ենթարկվել ոստիկանության Մուշի բաժին, ապա ներկայացվել տարածքային քննչական բաժին ու ձերբակալվել: