Մարտի 8-ին ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողները թմրամիջոց պահելու, օգտագործելու եւ իրացնելու հերթական դեպքը բացահայտեցին:
Ոստիկանությունից հայտնում են, որ ժամը 5-ի սահմաններում իրավապահները Կոշ գյուղի սկզբնամասից ոստիկանության Արտաշատի բաժին բերման ենթարկեցին գյումրեցի 36 եւ 25 տարեկան երկու տղամարդու:
Բաժնում, անձնական խուզարկությամբ, 36-ամյա տղամարդու գրպանից հայտնաբերվեց թղթե փաթեթով կանեփանման բույսի չորացված, մանրացված, դեղնականաչավուն զանգված:
Ըստ նրա` հայտնաբերվածը կանեփ տեսակի թմրամիջոց է, ձեռք է բերել ինտերնետային կայքի միջոցով` Երեւան քաղաքում:
Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ 36-ամյա տղամարդը նույն օրը մայրաքաղաքում նշված թմրանյութից ոչ միայն օգտագործել, այլեւ հյուրասիրել է 25-ամյա ընկերոջը:
Հանգամանքները պարզվում են:
Նշանակվել է փորձաքննություն:
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր: