կարևոր
1738 դիտում, 2 տարի առաջ - 2020-03-10 17:25

Միլանից Երևան ժամանած 40 ուղևորներից ոչ մեկի մոտ վարակիչ հիվանդություններին բնորոշ ախտանշաններ չեն արձանագրվել

Միլանից Երևան ժամանած 40 ուղևորներից ոչ մեկի մոտ վարակիչ հիվանդություններին բնորոշ ախտանշաններ չեն արձանագրվել

Մարտի 10-ին՝ տեղական ժամանակով 13:10-ին, Միլանից Երևան ժամանած ինքնաթիռով երկիր մուտք գործած 40 անձանցից որևէ մեկի մոտ վարակիչ հիվանդություններին բնորոշ ախտանշաններ՝ ջերմություն, տենդ, հազ չի արձանագրվել: Այս մասին Yerkirmedia.am-ին տեղեկացրել են ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնից:

«Զվարթնոց» օդանավակայանում Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինն իրականացնում է ուժեղացված վերահսկողական աշխատանքներ՝ ախտահանման, զննման՝ համաձայն միջազգային առողջապահական կանոնների։ Իտալիայից ու համաճարակային առումով ռիսկային մի շարք երկրներից ժամանողներն անցնում են ջերմաչափում, արտաքին զննում, նրանց համար լրացվում են հասցեական քարտեր, որոնք տրամադրվում են պոլիկլինիկաներին ՝ այս անձանց առողջական վիճակի հետագա վարումն իրականացնելու համար: Իտալիայից ժամանող անձինք օդանավակայանից դուրս են բերվել առանձին, նրանց ուղեբեռը եւս հանձնվել է առանձին՝ բացառելու այլ ուղեւորների հետ շփումները։ Հաջորդիվ ձեռնարկվել են ախտահանման միջոցառումներ՝ սահմանված կարգով։

Առողջապահության նախարարությունն իր հերթին այսօր տեղեկատվություն է տարածել՝ հորդորելով խուսափել ճանապարհորդելուց հետևյալ երկրներ` Իտալիա, Ֆրանսիա, Գերմանիա, Իսպանիա, Ճապոնիա, Չինաստան, Իրան, Հարավային Կորեա, իսկ այդ երկրներից վերադարձած քաղաքացիներին` 14 օր խուսափել շփումներից և ինքնամեկուսանալ։