կարևոր
2462 դիտում, 3 տարի առաջ - 2020-03-10 14:37

Տավուշի մարզի 5 դպրոցում չարաշահումների դեպքերի առթիվ քրեական գործեր են հարուցվել

Տավուշի մարզի 5 դպրոցում չարաշահումների դեպքերի առթիվ քրեական գործեր են հարուցվել

Տավուշի մարզի հանրակրթական հինգ դպրոցներում հայտնաբերված չարաշահումների դեպքի առթիվ քրեական գործեր են հարուցվել: 
Այս մասին հայտնում են գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից: Իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումներով ձեռք են բերվել տվյալներ մարզի տարածքում գործող հանրակրթական դպրոցներում` հատկապես ուսումնաօժանդակ մասի հաստիքներին՝ մասնավորապես գիշերային պահակի, հնոցապանի,  հավաքարարի, դռնապանի, բակապահի, ընդհուպ ուսուցչի և փոխտնօրենի հաստիքներին 2009-ից մինչև 2019թթ., տարբեր ժամանակահատվածներում, նշանակված անձանց կողմից ընդհանրապես կամ մասնակիորեն աշխատանքի չհաճախելու և աշխատանքային պարտականությունները պատշաճ չկատարելու պայմաններում նրանց անվամբ, փաստաթղթերի կեղծմամբ, աշխատավարձերի կամ այլ վճարների գումարներ հատկացնելու, դրանք հափշտակելու վերաբերյալ: Առանձին դեպքերում պարզվել են նախածննդյան և հետծննդյան արձակուրդ ձևակերպելու համար ժամանակավոր տարբեր հաստիքների վրա անձանց ձակերպելու, կամ առհասարակ հանրապետությունից բացակայելու պայմաններում, առանց աշխատանքի ներկայանալու և աշխատանքային պարտականությունները կատարելու  նրանց անվամբ աշխատավարձի գումարներ դուրս գրելու դեպքեր:

 Ոստիկանության կողմից նախապատրաստված նյութերի արդյունքում մարզի թվով 5 դպրոցներում՝ մասնավորապես Պտղավանի, Զորականի, Խաչարձանի Ազատամուտի, Դիլիջանի թիվ 2 միջնակարգ դպրոցներում պարզված նման փաստերի առթիվ 4 քրեական գործ է հարուցվել:  Խաչարձան բնակավայրի միջնակարգ դպրոցում առերույթ չարաշահումների դեպքի առթիվ քրեական գործի հարուցումը մերժվել է վաղեմության ժամկետներն անցնելու հիմքով՝ հաշվի առնելով, որ դպրոցի նախկին և ներկա տնօրենները զղջացել են կատարած արարքների համար, վերականգնել պատճառված վնասի մեծ մասը՝ պարտավորվելով վերականգնել նաև մնացածը: Նշված բոլոր առերևույթ չարաշահումների դեպքերով պետությանը պատճառված ընդհանուր վնասը կազմում է 22.7մլն ՀՀ դրամ: