կարևոր
1674 դիտում, 2 տարի առաջ - 2020-03-10 14:10

Տեղի է ունեցել Հանրային կառավարման բարեփոխումների ռազմավարության մշակման խորհրդի նիստը

Տեղի է ունեցել Հանրային կառավարման բարեփոխումների ռազմավարության մշակման խորհրդի նիստը

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ մարտի 10-ին տեղի է ունեցել Հանրային կառավարման բարեփոխումների ռազմավարության մշակման խորհրդի նիստը: Այս մասին հայտնում են Տիգրան Ավինյանի գրասենյակից։ Փոխվարչապետը հանդես է եկել ելույթով, որում, մասնավորապես, ասել է.

«Այսօր անց ենք կացնում հանրային կառավարման բարեփոխումների ռազմավարության մշակման աշխատանքների խորհրդի երկրորդ նիստը:

Պետական կառավարման ոլորտում երկար տարիների ընթացքում կուտակված խնդիրները բերել են մի իրավիճակի, երբ հանրային կառավարման համակարգը արդյունավետ չի աշխատում և ոչ միշտ է կարողանում պատշաճ ու որակյալ ծառայություններ մատուցել մեր բնակչությանը։

Վստահորեն կարող եմ պնդել, որ այն բարեփոխումները, որոնք այսօր և առաջիկա 2 ամիսների ընթացքում պետք է ակտիվ քննարկումների առարկա դառնան և՛ մեր խորհրդում, և՛ հանրային լայն շրջանակներում, պետական կառավարման համակարգին կօժտեն իր առաքելությունն իրականացնելու համար ավելի արդյունավետ կարողություններով, գործիքներով և մեխանիզմներով: Եվ ընդհանուր առմամբ, այդ առաքելությունը հետևյալն է. մատուցել  բարձրորակ հանրային ծառայություններ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին և արդյունավետ որոշումների միջոցով  ապահովել Հայաստանի կայուն զարգացումը, բարեկեցությունն ու առաջընթացը:

Այսքանով կեզրափակեմ իմ ելույթը, որպեսզի ավելի շատ ժամանակ ունենանք բովանդակային քննարկում իրականացնելու համար: Այնուամենայնիվ, կարևոր եմ համարում նշել, որ բոլորին ուղարկված ռազմավարության երեք բաժինների նախագծերը,  ինչպես նաև գործողությունների ծրագիրը դեռևս մշակման փուլում են: Հետևապես, այսօրվա քննարկումը, կարծում եմ, մեծ ներդրում է լինելու այդ ռազմավարության և գործողությունների ծրագրի, ինչպես նաև արդյունքային ցուցանիշների համար»:

Նշենք, որ մանրամասնորեն քննարկվել են հանրային կառավարման բարեփոխումների ռազմավարության տեսլականը ու բարեփոխումների առաջին փուլի օրակարգը: