կարևոր
4891 դիտում, 3 տարի առաջ - 2020-03-10 14:03

Երևանի ՋԷԿ-ում պարգևավճար են ստացել թափուր հաստիքների համար նախատեսված սակագնում ներառվող գումարով

Երևանի ՋԷԿ-ում պարգևավճար են ստացել թափուր հաստիքների համար նախատեսված սակագնում ներառվող գումարով

Երևանի ջերմաէլեկտրակենտրոն ՓԲԸ-ն սակագնի ձևավորման մեջ ներառվող աշխատավարձի ֆոնդի գումարներից թափուր հաստիքների համար նախատեսված գումարներն ուղղել է աշխատակիցների պարգևատրման և աշխատավարձի հոդվածով ծախսվող այլ վճարների համար: Այս մասին ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում նշել է ՀՀ Հաշվեքննիչ պալատի երրորդ վարչության պետ Գեղամ Հովեյանը՝ ներկայացնելով ՓԲԸ-ի ֆինանսատնտեսական գործունեության վերաբերյալ Հաշվեքննիչ պալատի ընթացիկ եզրակացությունը:

Հաշվեքննությունը ընդգրկում է 2017-2018 թթ.։

«Թափուր հաստիքների համար նախատեսված աշխատավարձի ֆոնդի գումարները ուղղվել են աշխատակիցների պարգևատրման և աշխատավարձի հոդվածով ծախսվող այլ վճարների համար: Սակագնի ձևավորման մեջ ներառվող աշխատավարձի ֆոնդի գումարներից թափուր հաստիքների համար նախատեսված գումարների հաշվին 2017-20188 թթ. աշխատողների համար հաշվարկվել և վճարվել է  64 մլն 731 հազար դրամ և  84 մլն 489 հազար դրամ պարգևատրում: Հաստատված հաստիքացուցակների համաձայն միավոր աշխատավարձի մեջ ի սկզբանե ներառվել են աշխատողների հիմնական աշխատավարձը և աշխատողների համար նախատեսված ամենամսյա պարգևատրումները՝ հիմնական աշխատավարձի 5-45 տոկոսի չափով»,-ասել է Հովեյանը:

2017-2018 թթ. 10 աշխատակցի հետ կնքվել են հաստատված հաստիքացուցակների դրույքաչափերից պակաս պայմանագրեր: Իսկ 77 աշխատակցի աշխատանքային պայմանագրերը, որոնք կնքված են եղել հաստատված դրույքաչափերով մինչև 2017-2018 թթ. հաստիքացուցակների հաստատումը, հաշվեքննության ժամանակում փոփոխության չեն ենթարկվել: Նա նկատել է՝ արդյունքում պակաս է հաշվարկվել և վճարվել 21 մլն 218 հազար դրամ:

2017-20188 թթ. ընթացքում 21 աշխատակցի հետ հաստատված դրույքաչափերից ավելի կնքված աշխատանքային պայմանագրերի համապատասխան աշխատակիցներին ավել է հաշվարկվել և վճարվել 7 մլն 477 հազար դրամ: