2018 թվականի համեմատ 2019 թվականին փոքր եւ միջին ձեռնարկությունների տնտեսական վիճակը ոչ զգալի, բայց դրական փոփոխություն են արձանագրել: Սա է փաստում «Ամերիա» ընկերության հրապարակած հետազոտությունը:
Հիմնական վատթարացումը կապված է քիչ ներդրումներով: 2019 թվականին ավելի քիչ են իրականացվել եկարաժամկետ ներդրումներ, որը սակայն համարում են բնական գործընթաց: Ավելի մեծ դժգոհություն առկա է հիմնականում ներմուծմամբ զբաղվող ՓՄՁ-ների մոտ, իսկ արտահանողների մոտ արձանագրվել է բարելավում: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշել է «Ամերիա» ՓԲԸ կառավարման խորհրդատվական ծառայության տնօրեն Տիգրան Ջրբաշյանը հավելելով, որ նմանատիպ հետազոտություն իրականացրել էին նաև 2013 թվականին։
«Այժմ իրականացրել ենք հետազոտություն, որպեսզի հասկանանք, թե ոլորտում ինչ փոփոխություններ են կատարվել, ինչ զարգացումներ կան կամ ինչ նոր խնդիրներ են ի հայտ եկել: Հետազոտության միջոցով մենք փորձում ենք ներկայացնել ՓՄՁ ոլորտի զարգացմամբ զբաղվող կառույցներին՝ բանկերին, ապահովագրական ընկերություններին, միջազգային ֆինանսական ընկերություններին, խորհրդատվական և այլ պրոֆեսիոնալ ծառայություններ մատուցողներին, որպեսզի տեղեկացված լինեն, թե ինչպիսի պահանջարկ կա երկրում: Հետազոտության համար դիտարկվել են հանրապետության առավել խոշոր 5 քաղաքում՝ Երևանում, Վանաձորում, Գյումրիում, Արմավիրում և Էջմիածնում գործունեություն իրականացնող թվով 729 ՓՄՁ, որոնց 93.8 տոկոսը գերփոքր է, 5.1 տոկոսը՝ փոքր, իսկ մոտ 1 տոկոսը՝ միջին»,- նշել է Ջրբաշյանը և ընդգծել, որ ընդհանուր առմամբ 2018 թվականի համեմատ 2019-ին փոքր և միջին ընկերությունները ձեռնարկատիրական մթնոլորտի և սեփական տնտեսական վիճակի ոչ զգալի, բայց դրական փոփոխություն են արձանագրել:
Նրա խոսքով՝ էական բարելավում է նկատվել անշարժ գույքի ոլորտում գործող ընկերությունների պարագայում, ինչը կարելի է բացատրել անշարժ գույքի գների նկատվող աճով:
«Առևտրի ոլորտում գործունեություն իրականացնող ՓՄՁ-ներն այդ նույն ժամանակահատվածում արձանագրել են զգալի վատթարացում: Ավելի մեծ դժգոհություն առկա է հիմնականում ներմուծմամբ զբաղվող ՓՄՁ-ների մոտ, իսկ արտահանողների մոտ արձանագրվել է բարելավում»,- ասել է «Ամերիա» ՓԲԸ կառավարման խորհրդատվական ծառայության տնօրենը:
Կարևորելով ֆինանսական ոլորտում նորարար և թվային տեխնոլոգիաների կիրառումը՝ «Ամերիա» ՓԲԸ-ի հետազոտությունը ներառում է նաև հեռահար ծառայությունների ուսումնասիրությունը: Պարզվել է, որ միջինում 10 ձեռնարկությունից 6-ը նախընտրում է զարգացած մասնաճյուղերի ցանցը, իսկ 4-ը՝ հեռահար բանկինգը: