կարևոր
3901 դիտում, 3 տարի առաջ - 2020-03-10 12:09

ԿԳՄՍՆ-ն և «Բիզնես և կրթություն գործընկերություն» հիմնադրամը ստորագրել են համագործակցության հուշագիր

ԿԳՄՍՆ-ն և «Բիզնես և կրթություն գործընկերություն» հիմնադրամը ստորագրել են համագործակցության հուշագիր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը և «Բիզնես և կրթություն գործընկերություն» հիմնադրամը ստորագրել են համագործակցության հուշագիր` նպատակ ունենալով զարգացնել համագործակցությունը նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության և կադրերի պատրաստման ոլորտում։ Լուրը հայտնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից: 

Հուշագիրը ստորագրել են ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը և հիմնադրամի խորհրդի նախագահ Մարինե Ժամկոչյանը: Գերմանական «Մասնագիտական կրթություն և ուսուցում-համագործակցություն Հարավային Կովկասում ծրագիրը» Հայաստանում իրականացվում է 2017 թվականից Գերմանիայի Դաշնային Հանրապետության Տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության ֆինանսավորմամբ` Գերմանիայի Մեկլենբուրգ–Ֆորպոմերանիա Դաշնային տարածաշրջանային էկոնոմիկայի ուսումնական կենտրոնի և «Բիզնես և կրթություն գործընկերություն» հիմնադրամի միջև պայմանագրի շրջանակում:

Հուշագրի ստորագրմանը ներկա է գտնվել վերոնշյալ ուսումնական կենտրոնի Հարավային Կովկասի ՄԿՈՒ համագործակցության ծրագրի ղեկավար Ուտե Ֆոկը: Ողջունելով նոր ծրագրի մեկնարկը՝ Արթուր Մարտիրոսյանը նշել է, որ շուրջ երեք տարի նախարարությունն արդյունավետ համագործակցում է «Բիզնես և կրթություն գործընկերություն» հիմնադրամի հետ, որի ծրագրերը համահունչ են ՄԿՈՒ ոլորտում պետական նպատակադրումներին:

«Հուշագրի շրջանակում նախատեսվում է նոր մասնագիտությունների ներդրում, հետևաբար, լրացուցիչ և նորանոր ռեսուրսներ կուղղվեն ՄԿՈՒ ոլորտ՝ ապահովելով կայուն և շարունակական համագործակցություն: Մենք շեշտադրում ենք ոչ միայն կոնկրետ մասնագիտությունների ներդրման, այլ համալիր գործողությունները՝ վերապատրողների կարողությունների զարգացում, կրթություն-աշխատաշուկա կապի ապահովում և այլն»,-նշել է Արթուր Մարտիրոսյանը՝ ընդգծելով, որ նախատեսվում է վերանայել ՄԿՈՒ չափորոշիչները, որի համատեքստում կարևորվում է ծրագրի առաջարկած համընդգրկուն մոտեցումը:

Նա ծրագիրը կարևորել է նաև այն իմաստով, որ նախարարությունը խրախուսում է տարբեր հետազոտություններ՝ հասկանալու ապագայի մասնագիտությունները և ուղղորդելու ապագա դիմորդներին, ինչպես նաև նաև աշխատաշուկայի ուսումնասիրության հարցումների կազմակերպումը Հայաստանի մարզերում: Նախարարի տեղակալը կարևորել է նաև «Աշակերտական/ուսանողական ընկերություն» մոդելի պիլոտային ներդրումը ՄԿՈՒ հաստատություններում և դպրոցներում:

Հիմնադրամի խորհրդի նախագահ Մարինե Ժամկոչյանն ընդգծել է, որ ծրագիրը շատ ճկուն է, հետևաբար հետաքրքիր գաղափարների դեպքում նոր միջոցներ կներգրավվեն: Համաձայն հուշագրի՝ կողմերը կիրականացնեն. -կրթության և տնտեսության միջև համագործակցության ամրապնդմանն ուղղված ծրագրեր, ՆՄԿՈւ կրթության նորմատիվ իրավական բազայի և կրթական ծրագրերի մշակում և կատարելագործում, ուսումնական հաստատությունների ուսումնամեթոդական և նյութատեխնիկական բազայի ամրապնդում, -աշխատանքի շուկայում շրջանավարտների զբաղունակության և մրցունակության խթանում, ՄԿՈՒ ոլորտը որակավորված մասնագետներով ապահովելուն ուղղված համատեղ միջոցառումների կազմակերպում, -ուսումնական հաստատությունների և մասնավոր կազմակերպությունների համագործակցության ձևավորում և ամրապնդում: