կարևոր
1902 դիտում, 1 տարի առաջ - 2020-03-10 00:10

Ադրբեջանում ավելի քան 1 մլն բժշկական դիմակ են առգրավվել

Ադրբեջանում ավելի քան 1 մլն բժշկական դիմակ են առգրավվել

Ադրբեջանի իրավապահ մարմինները կասեցրել են կազմակերպված խմբավորումների գործունեությունը, որոնք փորձել են բժշկական դիմակների վաճառք իրականացնել սպեկուլյատիվ գներով, ինչպես նաեւ մաքսանենգ ճանապարհով դրանք դուրս բերել երկրից: Իրավազանցներից, որոնց թվում եղել են նաեւ օտարերկրացի քաղաքացիներ, առգրավվել է 1 միլիոնից ավելի դիմակ: Մարտի 9-ին այդ մասին հայտնել է հանրապետության ՆԳ նախարարության մամուլի ծառայությունը։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Եղել են մի քանի խմբեր, որոնց մեջ մտնում էին նաեւ օտարերկրացի քաղաքացիներ, դրանց բոլոր անդամները ձերբակալված են»,- ասված է հաղորդագրության մեջ:

Մասնավորապես, ներքին գործերի նախարարության տվյալներով՝ սպեկուլյատիվ գներով մեծ քանակությամբ բժշկական դիմակներ վաճառելու փորձի ժամանակ ձերբակալվել են Իրանի երեք քաղաքացիներ, ինչպես նաեւ Ադրբեջանի հինգ քաղաքացիներից բաղկացած խումբ: Մի այլ գործողության շրջանակում ձերբակալվել են Չինաստանի երկու քաղաքացիներ, որոնք տեղացի բնակչի գործակցությամբ գնել են մեծ քանակությամբ բժշկական դիմակներ եւ պատրաստվում էին դրանք ուղարկել իրենց հայրենիք:

«Ձեռնարկված միջոցների շնորհիվ խմբավորումների անդամներից որպես իրեղեն ապացույց առգրավվել է 1 միլիոն 50 հազար բժշկական դիմակ»,- ասված է հաղորդագրության մեջ: Այս պահին Աբրբեջանում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման ինը դեպք: