կարևոր
1096 դիտում, 1 տարի առաջ - 2020-03-09 21:12

Կարանտինն ապահովող «Գոլդեն Փելես»-ը մշտական ջուր է ստանում

Կարանտինն ապահովող «Գոլդեն Փելես»-ը մշտական ջուր է ստանում

Ծաղկաձորի՝ կորոնավիրուսի կարանտին ապահովող  նախկինում երկու տարի չգործած «Գոլդեն Փելըս» հյուրանոցն արդեն  մշտական ջրակատակարարում ունի։ Այս մասին հայտնում են «Վեոլիա Ջուր» ընկերության հանրային կապերի ծառայությունից։ Ընկերության կողմից տարածած հաղորդագրությունն առանց խմբագրման ներկայացնում ենք Ձեր ուշադրությանը․ 

«Հայաստանի մի քանի գերատեսչություններ Ծաղկաձորի քաղաքապետարանի հետ այդ ընթացքում զգալի աշխատանք կատարեցին «Golden Palace»-ին երկրորդ կյանք տալու համար:

Ինչպես տեղեկացրեց «Արևմուտք» տարածաշրջանային տնօրինության «Հրազդան» շահագործման տեղամասի պետ Գրիգոր Գևորգյանը, հյուրանոցի շուրջ 800 մետր երկարությամբ ջրագիծը չէր գործում: Ուսումնասիրությամբ պարզվեց, որ ժամանակին այն կառուցվել էր շիննորմերի կոպիտ խախտումով, տեղ-տեղ ուներ միայն 30-40 սմ խորություն, որի պատճառով Հրազդանի ցուրտ ձմեռային պայմաններում խողովակաշարը սառել էր ու շարքից դուրս եկել: Իսկ մոտ 6 մետրանոց մի հատված ընդհանրապես փոկվել էր ջրագծից: Դրա համար սկզբնական շրջանում հյուրանոցում կարանտիում գտնվողների և սպասարկող անձնակազմի համար Ծաղկաձորից օրական 10-12 ավտոցիստեռն ջուր էին բերում:

Բայց պարզ էր, որ այդպես շարունակվել չէր կարող: Դրա համար էլ տեղամասը հինգշաբթի ձեռնամուխ եղավ հարցի լուծմանը: Երեք օր ու գիշեր «Հրազդանի» մասնագետները փորձել են բառացիորեն վերակենդանացնել ջրագիծը: Անգամ 3 ավտոցիստեռն եռման ջուր են բերել Հրազդանի էլեկտրակայանից և «փչող մեքենայով» ներարկել խողովակաշարի մեջ: Անօգուտ է եղել: Միայն մոտ 250 մետրանոց հատված է հնարավոր դարձել շահագործել: Ի վերջո ստիպված են եղել փաստորեն նոր խողովակաշար ձգել: Մոտ 400 գծամետր պոլիէթիլենե խողովակ տրամադրել է Ծաղկաձորի քաղաքապետարանը, մյուսը մասը Վեոլիան ու ձյան-ցրտի պայմաններում ջրմուղագործները արդեն շաբաթ գիշեր ջուրը հասցրել են հյուրանոց:

Կատարած աշխատանքի համար տեղամասի մի խումբ աշխատակիցներ արժանացան Վեոլիա Ջուր ՓԲԸ տնօրինության դրամական խրախուսանքին»,- նշված է հաղորդագրության մեջ: