կարևոր
1898 դիտում, 3 տարի առաջ - 2020-03-09 21:05

Սպանության փորձ, առևանգում, կողոպուտ. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել Վստերչի Ապերին կալանավորելու որոշման հանգամանքների մասին

Սպանության փորձ, առևանգում, կողոպուտ. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել Վստերչի Ապերին կալանավորելու որոշման հանգամանքների մասին

ՀՀ քննչական կոմիտեն որոշում է կայացրել Վստերչի Ապեր մականունով Արամ Վարդանյանին որպես մեղադրյալ ներգարվել առերևույթ հանրորեն վտանգավոր արարքներ կատարելու համար։ Այս մասին հաղորդում է քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։ Ըստ հաղորդագրության՝ Վարդանյանն իր մի քանի մերձավորների՝  2016թ. ամռանը ցուցում է տվել նախկին մերձավոր Է.Ա.-ին պատկանող առանձնապես խոշոր չափերով՝ 11.900.000 ՀՀ դրամին համարժեք, 25.000 ԱՄՆ դոլար արժողությամբ «BMW X6» մակնիշի ավտոմեքենան խմբով, բռնության գործադրմամբ բացահայտ հափշտակել։ Վերջիններն էլ  Ա.Վ.-ի կողմից նախապես կազմված  խմբով, նախնական համաձայնությամբ, Երևան քաղաքի Էրեբունի համայնքի Բուռնազյան և Սասունցի Դավիթ փողոցների խաչմերուկում արգելափակել են նշված ավտոմեքենան, այնուհետև Է.Ա.-ի կյանքի համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելով, հարվածներ են հասցրել վերջինիս, գցել գետնին, ապա, բացահայտ հափշտակելով հիշյալ ավտոմեքենան, հեռացել են:

 2019թ. ամռանն էլ Վարդանյանը եղբոր որդուն, հանձնարարել է իր նախկին մերձավոր Է.Ա.-ին բացահայտ առևանգել և բերել իր տուն։ Ցուցման համաձայն՝
Է.Ա.-ի բնակության վայրի մոտ կայացել է հանդիպում և նրան բացահայտ առևանգելով՝ տեղափոխել են Վարդանյանի՝ Երևան քաղաքի Արցախի փողոցում գտնվող առանձնատուն, որտեղ Ա.Վ.-ի ցուցումով՝ Է.Ա.-ն իր կամքին հակառակ տևական ժամանակ պահվել և բռնության է ենթարկվել:

Բացի այդ, Ա.Վ.-ն, Է.Ա.-ի հետ տևական ժամանակ ունենալով թշնամական հարաբերություններ, հանձնարարել է ապօրինաբար դիտավորությամբ Է.Ա.-ին զրկել կյանքից, որի կատարման նպատակով նա 2020թ. մարտի 04-ին՝ ժամը 17:30-ի սահմաններում, Երևան քաղաքի Բուռնազյան փողոցով երթևեկող ավտոմեքենայի սրահից, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, Է.Ա.-ին ապօրինաբար կյանքից զրկելու ուղղակի դիտավորությամբ, մոտ տարածությունից, հրազենից կրակոցներ են արձակել Բուռնազյան փողոցում գտնվող արհեստանոցի դիմաց կանգնած Է.Ա.-ի ուղղությամբ, որի հետևանքով արձակված գնդակից  վնասվածքներ են ստացել վերջինս և արհեստանոցում գտնվող Մ.Մ.-ն, ինչպես նաև իրական վտանգ է ստեղծվել նույն արհեստանոցում գտնվող այլ անձանց կյանքի համար, սակայն կրակոցներ արձակած անձը, իր կամքից անկախ հանգամանքներով,  հանցագործությունն ավարտին չի հասցրել ու նշված մեքենայով հեռացել է:

2020թ. մարտի 8-ին Ա.Վ.-ի նկատմամբ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի կողմից որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, և նրան հայտնաբերելու նպատակով հայտարարվել է հետախուզում:

2020թ. մարտի 5-ին առերևույթ հանցագործություններ կատարելու համար վերջինիս եղբոր որդի Ա.Վ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի (մարդուն  առևանգելը) 1-ին մասով, իսկ Ս.Կ.-ին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի (կողոպուտ)  3-րդ մասի 1-ին կետով, և նույն օրը վերջիններիս նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց  կիրառելու վերաբերյալ միջնորդություններ են ներկայացվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան, սակայն դատարանի կողմից ներկայացված միջնորդությունները մերժվել են, որի հիման վրա նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին:

Նախաքննությունը շարունակվում է: