կարևոր
1415 դիտում, 2 տարի առաջ - 2020-03-09 20:55

«Նորք-Մարաշ» ԲԿ-ում կատարվել է տարածաշրջանում եզակի սրտի վիրահատություն

«Նորք-Մարաշ» ԲԿ-ում կատարվել է տարածաշրջանում եզակի սրտի վիրահատություն

«Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնում կատարվել է չորսուկեսամյա երեխայի սրտի եզակի վիրահատությունը։ Նման վիրահատություն առաջին անգամ է կատարվել Հայաստանում։ Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

«Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնում չորսուկեսամյա Անգելինայի սրտի վիրահատությունը, որն առաջին անգամ էր կատարվում Հայաստանում, գիշերը բարեհաջող ավարտվեց: Փոքրիկ Անգելինայի մոտ ախտորոշվել էր դիլատացիոն կարդիոմիոպաթիա՝ սրտի խոռոչների լայնացում, որն անհամատեղելի էր երեխայի կյանքի հետ։ Միակ լուծումը փոքրիկին արհեստական ձախ փորոք տեղադրելն էր»,- ասված է հաղորդագրության տեքստում։

«Դա եզակի վիրահատություն էր ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ տարածաշրջանում՝ Հայաստան, Վրաստան, Ադրբեջան, նմանատիպ վիրահատություն չէր իրականացվել: Ցավոք սրտի, այս հիվանդությունը բավականին տարածված է և հիվանդների մեծ մասը մահանում է: Դա կամուրջ է մինչև սրտի փոխպատվաստմանը հասնելը, և այն, որ սկսեցինք սարքի տեղադրումը Հայաստանում, կարծում եմ, կբերի այն բանին, որ տարածաշրջանում մենք կփորձենք իրականացնել նաև Նորք-Մարաշում, քանի որ փորձը հաջողված է, և այն թիմը, որը Եվրոպայից էր եկել, պատրաստ է միշտ աջակցել մեզ: Հույսով եմ, որ այդ հիվանդները մի օր կհասնեն Հայաստանում նաև սրտի փոխպատվաստում իրականացնելու, որը բոլորիս երազանքն է»,- նշում է «Նորք-Մարաշ» ԲԿ տնօրեն Միքայել Ադամյանը:

Երկարատև վիրահատությունը բարեհաջող ավարտվեց բժշկական կենտրոնի սրտային վիրաբույժներ Հրայր Հովագիմիանի, Գագիկ Հեբոյանի և վիրաբուժական մեծ թիմի շնորհիվ։ Երեխայի վիրահատության համար անհրաժեշտ գումարի 70%-ը՝ մոտ $70,000 հավաքվեց մոտ երկու օրում, մնացած $30,000-ը հատկացվեց պետական բյուջեից:

«Գումարը շատ մեծ էր, և որոշեցինք դրամահավաքային արշավ նախաձեռնել: Մեզ հաջողվեց հանրությանը լսելի դարձնել խնդիրը, բացատրել, թե դա ինչ մեծ նշանակություն ունի ոչ միայն փոքրիկի համար, այլև Հայաստանի, քանի որ պարզվեց՝ շատ մարդիկ են այս նույն հիվանդությամբ տառապում, և այս գիտելիքը, որ Հայաստանն այսօր ստացավ, շատ մեծ նշանակություն ունի ապագայում նմանատիպ հիվանդությունների բուժման համար: Սա կարևոր գիտելիք էր, որ Հայաստանն ստացավ»,- ասում է ձեռնարկատեր Վահան Քերոբյանը:

«Սա ոչ միայն Նորք-Մարաշի կատարածն էր, սա մի ազգային քայլ էր, որի մեջ ընդգրկվեց ողջ բնակչությունը՝ իր նվիրատվություններով, առողջապահության նախարարությունը՝ ի դեմս Արսեն Թորոսյանի, քանի որ սարքը բավականին թանկարժեք էր՝ մոտ 100 հազար դոլար: Կառավարությունը նաև աջակցեց, որ սարքը շուտ հասնի Հայաստան»,- նշում է Միքայել Ադամյանը:

Փոքրիկ Անգելինան գտնվում է ինտենսիվ թերապիայի բաժանմունքում: Երեխայի վիճակը կայուն է»,- ասվում է հաղորդագրության մեջ: