կարևոր
1952 դիտում, 3 տարի առաջ - 2020-03-09 20:43

Ոստիկանները բացահայտել են Աղավնատուն գյուղում կատարված սպանության փորձը

Ոստիկանները բացահայտել են Աղավնատուն գյուղում կատարված սպանության փորձը

ՀՀ ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները բացահայտել են Աղավնատուն գյուղում մարտի լույս 5-ի գիշերը նույն գյուղի 36-ամյա բնակչի սպանության փորձը։

Վաղարշապատի բժշկական կենտրոնից մարտի լույս 5-ի գիշերը ահազանգել են ոստիկանության Վաղարշապատի բաժին ու հայտնել, որ հրազենային վնասվածքով բուժհաստատություն է տեղափոխվել Աղավնատուն գյուղի 36-ամյա մի բնակիչ։ Հիվանդանոց մեկնած օպերատիվ-քննչական խմբերը պարզել է, որ տղամարդը բուժհաստատություն է տեղափոխվել հենց Աղավնատուն գյուղից։ Դեպքի վայրում՝ գյուղի Բարսեղ Ներսիսյան փողոցի թիվ 30 տան դիմաց հայտնաբերվել են ինքնաձիգի պարկուճներ։ Կրակոցներից վնասվել էին տուժողի ավտոմեքենան ու տան դարպասը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից:

Ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները, համագործակցելով քրեական ոստիկանության գլխավոր վարչության, Արմավիրի և Լոռու մարզային վարչությունների, ինչպես և նախաքննական մարմնի գործընկերների հետ, թարմ հետքերով բացահայտել են սպանության փորձը։

«Պարզվեց՝ կրակոցներ արձակած անձի ինքնությունը։ Նույն օպերատիվությամբ քրեական հետախույզները հայտնաբերեցին ու բերման ենթարկեցին 34-ամյա կասկածյալին։ Արմավիրի մարզի բնակիչը ոստիկանությունից ներկայացվեց տարածքային քննչական բաժին ու ձերբակալվեց։ Նրան մեղադրանք է առաջադրվել, խափանման միջոց ընտրվել է կալանավորումը։

Հրազենը հայտնաբերելու միջոցառումներն ու հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է»- ասվում է հաղորդագրությունում: