Հայաստանի միջգերատեսչական աշխատանքային խումբն ամենօրյա ռեժիմով իրականացնում է վարակի դեմ պայքարի քննարկումներ, և խնդիրների առկայության դեպքում ներկայացնում ոլորտային առաջարկություններ՝ հաջորդիվ ապահովելով է դրանց իրականացումը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարարությունը՝ ֆեյսբուքյան գրառմամբ:
«Մինչ օրս իրականացվել է 211 հետազոտություն՝ 1 դրական արդյունքով:
Շարունակվում է պետական սահմանի անցման կետերում ուժեղացված հսկողությունը: Ներկայումս 14-օրյա բժշկական հսկողությունն իրականացվում է Իրանի Իսլամական Հանրապետությունից, Իտալիայից, Չինաստանից, Ճապոնիայից, Հարավային Կորեայից ժամանած ուղևորների նկատմամբ՝ անկախ քաղաքացիությունից (երկրների ցանկում ավելացվելու են Ֆրանսիան, Գերմանիան և Իսպանիան):
Ուժի մեջ մտած Իրան-Հայաստան սահմանային հատումները սահմանափակող կառավարության որոշման համաձայն` Մեղրիի անցակետից եկող բոլոր բեռնատարները տեղաշարժվել են ոստիկանության ուղեկցությամբ և առողջապահության նախարարության մասնագետների պարբերաբար հսկողությամբ: 857 վարորդի (որից 228-ն՝ Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի) նկատմամբ սահմանվել է հսկողություն Հայաստանի ողջ տարածքում, այդ թվում՝ Պետական եկամուտների կոմիտեի մաքսային պահեստներում, մինչև նրանց հետ վերադարձը, իսկ Հայաստանի քաղաքացի վարորդների նկատմամբ հսկողությունը սահմանվել է ըստ բնակության վայրի:
Երևան են ժամանել Առողջապահության համաշխարհային կազմակերպության տարածաշրջանային փորձագետները, ովքեր իրականացնելու են կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարի ուղղությամբ հոսպիտալային պատրաստվածության և լաբորատոր հետազոտությունների գնահատում:
Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնում ձևավորվել է «Օպերատիվ զանգերի կենտրոն», հեռախոսահամարը` 060 83 83 00, որն աշխատում է շուրջօրյա: