Աշխատանքային այցով Կիպրոսի Հանրապետությունում գտնվող Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Արմինե Ալեքսանյանը հանդիպում է ունեցել Կիպրոսի հայկական համայնքային կառույցների ներկայացուցիչների հետ։ Հանդիպումը կազմակերպվել էր Կիպրոսի խորհրդարանում hայկական hամայնքի պետական ներկայացուցիչ, պատգամավոր Վարդգէս Մահտեսեանի նախաձեռնությամբ։ Այս մասին տեղեկացնում են Արցախի Հանրապետության արտգործնախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Հանդիպման ընթացքում ԱԳ նախարարի տեղակալը ներկայացրել է Արցախի արտաքին քաղաքականության գերակա ուղղությունները, մասնավորապես՝ անդրադարձ է կատարել Արցախի միջազգային ճանաչման և միջազգային համագործակցության ընդլայնման գործընթացներին, ինչպես նաև ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման ներկա փուլին։
Հանդպման մասնակիցների խնդրանքով Արմինե Ալեքսանյանը նաև խոսել է Արցախում առկա իրողությունների մասին՝ ընդգծելով մարտի 31-ին հանրապետությունում կայանալիք համապետական ընտրությունների կարևորությունը ժողովրդավարական պետականության շարունակական ամրապնդման տեսանկյունից։
Արմինե Ալեքսանյանն անդրադարձել է նաև Արցախ-սփյուռք հարաբերություններին՝ ընդգծելով հայկական համայնքային կառույցների դերը թե՛ սփյուռքում հայապահպանության և թե՛ հայրենիքում, մասնավորապես` Արցախում, ռազմավարական նշանակություն ունեցող ոլորտների զարգացմանն ուղղված տարբեր ծրագրերի իրականացման գործում։ Կողմերը կարևորել են նմանատիպ հանդիպումների պարբերական անցկացումը՝ համագործակցության նոր ուղղությունների շուրջ մտքերի փոխանակման և հետագա քայլերի նախանշման նպատակով։