«5-րդ ալիք» հեռուստաընկերության սեփականատեր Արմեն Թավադյանին կալանավորելու որոշման դեմ բողոքը քննող դատավոր Ալեքսանդր Ազարյանը ինքնաբացարկ չի հայտնել: Նիստը հետաձգվել է դատախազի բացակայության պատճառով:
Վերջինն էր վերաքննիչի դատավոր Ազարյանին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրել: Հիմքն այն էր, որ դատավորը ՀՔԾ քննիչի կողմից իրեն ներկայացված ինքնաբացարկի միջնորդությունը քննել էր առանց քննիչի եւ դատախազի ներկայության եւ շուտ էր վերադարձել խորհրդակցական սենյակից՝ մերժելով միջնորդությունը: Թավադյանի պաշտպանները, սակայն, պնդում են, որ քննիչն ու դատախազն իրենք են հեռացել նիստի կեսից: ՀՔԾ քննիչի կողմից ավելի վաղ ներկայացված ինքնաբացարկի միջնորդության հիմքերից մեկն էլ դատավոր Ազարյանի կողմից 2018 թվականին Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատելու մասին կայացված որոշումն էր: Ըստ քննիչի՝ Թավադյանի ու Քոչարյանի գործերը իրար փոխկապակցված են:
Հիշեցնենք, որ Արմեն Թավադյանին մեղադրանք է առաջադրվել քրեկան օրենսգրքի 340-րդ հոդվածի՝ սուտ ցուցմունք, կեղծ եզրակացություն տալու կամ սխալ թարգմանության համար կաշառելու կամ հարկադրելու հատկանիշներով, որոնք կատարվել են կազմակերպված խմբի կողմից: Թավադյանը կալանավորված է 2019 թվականի դեկտեմբերի 26-ից: