կարևոր
1708 դիտում, 3 տարի առաջ - 2020-03-09 16:39

Գյումրիում «Ո՛չ բռնությանը» կարգախոսով խաղաղ ակցիա անցկացվեց

Գյումրիում «Ո՛չ բռնությանը» կարգախոսով խաղաղ ակցիա անցկացվեց

Գյումրիում «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնությունների կոալիցիա»-ի նախաձեռնությամբ, մարտի 9-ին, «Ո՛չ բռնությանը» կարգախոսով խաղաղ ակցիա անցկացվեց: Ակցիայի մասնակիցները «Վարդանանց» հրապարակից շարժվեցին Գյումրու Պռոշյան փողոց՝ դեպի այն տունը, որտեղ մարտի 5-ին դաժան ծեծի հետևանքով մահացել էր 43-ամյա կինը, իսկ նրա 13-ամյա դուստրը ծանր վիրավորվել էր:

«Մենք այսօր հավաքվել ենք, որ մերժենք բռնությունը, մերժենք առհասարակ լռությունը հասարակության կողմից: Մեր պարտքն է իրազեկել, որ կանայք մեղավոր չեն, եւ նրանք չպետք է լռեն: Կնասպանությունն այլեւս տեղ չունի այս կյանքում: Մենք պետք է հասնենք այս գաղափարի իրականացմանը»,- նշել է «Կանանց իրավունքների տուն» հկ նախագահ Կարինե Դավթյանը: 

Ակցիայի մասնակիցները հայտարարեցին, որ իրենց հետագա գործողությունները կուղղվեն իրավական հարթակ՝ հարուցված քրեական գործը մեղմ պատիժ է սահմանում 28-ամյա երիտասարդի համար: Ըստ երթի կազմակերպիչների՝ 2020 թվականի հունվարից մինչ օրս Հայաստանում կնասպանության 5 դեպք է արդեն արձանագրվել:

Հիշեցնենք, որ մարտի 5-ին ժամը 15:40-ին հիվանդանոց հաղորդում էր ստացվել, որ «տրավմային շոկով, գանգուղեղային փակ վնասվածքով» Գյումրու Պռոշյան փողոցի տներից մեկից բուժօգնության է տեղափոխվել 13-ամյա մի աղջիկ: Դեպքի վայր մեկնած օպերատիվ խմբի ծառայողները բնակարանում հայտնաբերել էին աղջկա մոր՝ 43-ամյա Մարինե Խ.-ի դիակը՝ բռնության հետքերով:

 «Սուրբ Աստվածամայր» ԲԿ մամուլի պատասխանատու Գևորգ Դերձյանի խոսքով, 13-ամյա աղջիկն այսօր առավոտյան գիտակցության թեթև ակտիվություն է ցուցաբերել, կոնտակտային որոշ բառեր արտաբերել: