Լրագողների հետ ճեպազրույցում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սուրեն Գրիգորյանն ու Սիսակ Գաբրիելյանը, պատասխանելով իրենց հնչեցված հարցին, անդրադարձան «Վստրեչի ապերի» տանը կատարված խուզարկությանը:
«Ինձ թվում է, որ պետությունը և պետական ինստիտուտները շոուներով առհասարակ չեն զբաղվում, և եթե համաչափ համապատասխան ուժի կիրառման անհրաժեշտություն է եղել, ես ենթադրում եմ, որ դրա անհրաժեշտությունը եղել է»,-ասաց Սուրեն Գրիգորյանը:
Սիսակ Գաբրիելյանը, պատասխանելով լրագողների այն հարցին, թե արդյո՞ք իրավապահ մարմինները չեն ներխուժել Արամ Վարդանյանի տուն, ասաց.
«Եթե ներխուժումն է խնդիրը, ապա բերեք օրենքը փոխենք, ասենք, որ օպերատիվ-հետախուզական գործունեություն ՀՀ-ում ընդհանրապես չի կարելի կատարել, և ամեն ինչ պետք է ծանուցումով, մարդկանց նախօրոք տեղեկացնելով լինի»:
Սիսակ Գաբրիելյանը չի բացառում, որ դրա անհրաժեշտությունն իրոք եղել է:
«Իրավապահ մարմինները գուցե տիրապետել են որոշակի ինֆորմացիայի, որը պետք էր անմիջապես բացահայտել»,-նշեց նա՝ հավելելով, որ իր մոտ ևս հարցեր են առաջացել՝ կապված Արամ Վարդանյանի կարողությունների հետ:
«Տեսանյութը դիտելիս ինձ մոտ ողջամիտ հարց առաջացավ, թե որտեղից այս մարդուն միլիոնավոր դոլարների կարողություն այն դեպքում, երբ Արամ Վարդանյանը ոչ գործարար է եղել, ոչ էլ՝ պաշտոնյա»:
Հիշեցնենք, որ 2020թ. մարտի 4-ի գիշերը՝ ժամը 02.40-ի սահմաններում, ոստիկանության հարյուրավոր աշխատակիցներ ներխուժել են Արամ Վարդանյանին եւ նրա հարազատներին պատկանող Արցախի փողոցի 17 հասցեում գտնվող տներ։
Կատարված գործողությունների արդյունքում բերման էին ենթարկել Արամ Վարդանյանի որդուն եւ 2 քաղաքացու, 2 քաղաքացի էլ ձերբակալվել է, որից մեկը Վարդանյանի եղբորորդին է, մյուսը՝ հարեւանը: