Կորոնավիրուսը շարունակում է իր տարածումն աշխարհի տարբեր բնակավայրերում: Վարակման թվի աճ է գրանցվել Վիետնամում, Թաիլանդում, Իսլանդիայում, Վրաստանում:
Վիետնամում՝ համաճարակի սկսվելուց ի վեր, 16 դեպք էր արձանագրվել։ Հաղորդվում է , որ բոլոր հիվանդները ապաքինվել և դուրս էին գրվել հիվանդանոցներից, սակայն ուրբաթ երեկոյան տեղի իշխանությունները հայտնեցին նոր վարակակիրի մասին։ Նա Եվրոպայից վերադարձած ՝ 26-ամյա աղջիկ է, ով վերջին շաբաթներին եղել է Լոնդոնում, Միլանում և Փարիզում:
Թաիլանդում ևս գրանցվել է կորոնավիրուսի երկու նոր դեպք: Այժմ վարակվածների ընդհանուր թիվը 50-ն է, որոնցից 31 հիվանդ ամբողջովին ապաքինվել է, 18-ը՝ գտնվում են հիվանդանոցներում։ Ըստ Թաիլանդի առողջապահության նախարարության տվյալների՝ երկու նոր վարակակիրներն էլ Թաիլանդի քաղաքացիներ են, 40 տարեկան․ վերադարձել են մարտի սկզբին Իտալիայից։ Այդ երկրում՝ հիվանդությունից մեկ հիվանդ է մահացել:
Իսլանդիայում նոր տիպի կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը մարտի 2-ի դրությամբ հասել է 43-ի: Հաղորդվում է, որ նրանցից երկուսը վարակվել են Իսլանդիայի տարածքում, մյուսները՝ Իտալիայից եւ Ավստրիայից վերադարձած քաղաքացիներ են:
Վիրուսի տարածմամբ պայմանավորված արտակարգ դրության ռեժիմ է հայտարարվել այդ երկրում, սակայն զանգվածային հավաք նախատեսող միջոցառումների չեղարկում դեռեւս նախատեսված չէ:
Հիշեցնենք, որ ավելի վաղ էլ yerkirmedia.am-ը տեղեկացրել էր Վրաստանում ևս մեկ՝ նոր դեպքի մասին։