կարևոր
2259 դիտում, 2 տարի առաջ - 2020-03-07 11:50

Աննա Հակոբյանը Բրազիլիայի առաջին տիկնոջը հրավիրել է Հայաստան

Աննա Հակոբյանը Բրազիլիայի առաջին տիկնոջը հրավիրել է Հայաստան

ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը մարտի 6-ին Բրազիլիայի հանրապետության մայրաքաղաքում հյուրընկալվել է երկրի նախագահական նստավայրում և հանդիպել է երկրի առաջին տիկին Միշել դե Պաուլա Ֆիրմո Ռեինալդու Բոլսոնորուին: Այս մասին տեղեկացնում են Աննա Հակոբյանի գրասենյակից:

Երկու երկրների առաջին տիկնայք նախ շրջել են նախագահական պալատում։ Տիկին Բոլսոնարուն Աննա Հակոբյանին պատմել է պալատի կառուցման պատմությունը, ներկայացրել պալատի կտավների և քանդակների հավաքածուն։ Աննա Հակոբյանն և Միշել դե Պաուլա Ֆիրմո Ռեինալդու Բոլսոնորուն խոսել են նաև երկրների ղեկավարների տիկինների դերի և առաքելության մասին, կարևորել համատեղ ծրագրերի իրականացումը։

Աննա  Հակոբյանը Բրազիլիայի առաջին տիկնոջը ներկայացրել է իր ղեկավարած  «Իմ քայլը» և «City of smile/ Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների գործունեությունը, ինչպես նաև «Կանայք հանուն խաղաղության» արշավի նպատակը։

Միշել դե Պաուլա Ֆիրմո Ռեինալդու Բոլսոնորուն էլ պատմել է, որ իր բարեգործական գործունեության հիմնական ուղղությունը սահմանափակ կարողություններ ունեցող անձանց, հատկապես՝ խուլ-համրերի, սոցիալական ինտեգրումն է։ Բրազիլիայի առաջին տիկինը հետաքրքրվել է Հայաստանում տեսողության և լսողության խնդիրներ ունեցող անձանց հարցերով։

Նշենք որ, հանդիպման ավարտին Աննա Հակոբյանը Միշել դե Պաուլա Ֆիրմո Ռեինալդու Բոլսոնորուին հրավիրել է Հայաստան։ Բրազիլիայի առաջին տիկինը սիրով ընդունել է հրավերը․ նախնական պայմանավորվածությամբ այցը կկայանա այս տարվա հոկտեմբեր ամսին։