կարևոր
2623 դիտում, 3 տարի առաջ - 2020-03-06 19:30

Գյումրիում 43-ամյա կնոջ սպանության եւ նրա 13-ամյա դստերը ծեծի գործով կա ձերբակալված. ոստիկանությունը նոր մանրամասներ է հայտնում (տեսանյութ)

Մարտի 5-ին, ժամը 14․50-ի սահմաններում, շտապօգնության կայանից ոստիկանության Մուշի բաժնում ահազանգ է ստացվել, որ Գյումրու Պռոշյան 14 հասցեից մարմնական վնասվածքներով «Մոր և մանկան ավստրիական» հիվանդանոց է տեղափոխվել 13-ամյա աղջնակ։ Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից:

Շտապօգնության կայանից հայտնել են նաև, որ երեխայի մայրը տանը մահացած է։ Դեպքի վայր են մեկնել օպերատիվ-քննչական խմբեր։ 43-ամյա կնոջ դիակի զննությամբ պարզ է դարձել, որ մարմնին վնասվածքներ կան։ Տարածքային քննչական բաժնում քրեական գործ է հարուցվել, որի շրջանակներում Մուշի քրեական հետախույզները, համագործակցելով Շիրակի մարզային վարչության ծառայողների հետ, պարզել են կատարվածի մի շարք հանգամանքներ՝ բացահայտելով հանցագործությունը։ Նախնական տվյալներով՝ կնոջը կենցաղային հարցերի շուրջ ծագած վեճի ընթացքում ծեծել էր նրա մտերիմը։ 28-ամյա երիտասարդը հարվածել է նաև վեճին միջամտած դստերը։ Ստացած մարմնական վնասվածքների պատճառով կինը մահացել էր։ Գյումրու Շիրակացու փողոցի բնակիչ, 28-ամյա երիտասարդը հայտնաբերվել և բերման է ենթարկվել ոստիկանության Մուշի բաժին, ապա ներկայացվեց տարածքային քննչական բաժին ու ձերբակալվեց։ Նշանակվել են փորձաքննություններ։

Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։