կարևոր
1805 դիտում, 3 տարի առաջ - 2020-03-06 18:17

Կորոնավիրուսով վարակվելու ռիսկը երեխաների մոտ նույնքան մեծ է, որքան որ մեծահասակների. գիտնականներ

Կորոնավիրուսով վարակվելու ռիսկը երեխաների մոտ նույնքան մեծ է, որքան որ մեծահասակների. գիտնականներ

Մի խումբ միջազգային հետազոտողներ եկել են այն համոզման, որ COVID-19 նոր տիպի կորոնավիրուսով վարակվելու ռիսկը երեխաների մոտ նույնքան մեծ է, որքան որ մեծահասակների մոտ: Այդ մասին հայտնել են չինական ԶԼՄ-ները, հաղորդում Է «Ինտերֆաքս»-ը:

Մասնագետները հետազոտության ընթացքում վերլուծել են կորոնավիրուսին վերաբերող տվյալները, որոնք հավաքվել են Շենչժեն հարավչինական քաղաքում: Դրանք ցույց են տվել, որ 10-ից ցածր տարիքի երեխաների եւ մնացած բնակչության շրջանում կորոնավիրուսով հիվանդացության ցուցանիշների միջեւ էական տարբերություն չկա:

«Հնարավոր է՝ սրանք այն բանի առաջին ստույգ ապացույցներն են, որ երեխաները նույնքան հեշտությամբ կարող են վարակվել նոր տիպի կորոնավիրուսով, որքան որ մեծահասակները»,-ասել է Հոնկոնգի համալսարանի համաճարակաբան-ինֆեկցիոնիստ Բեն Քոուլինգը: Ավելի վաղ մի խումբ արեւմտյան փորձագետներ պնդում էին, որ երեխաները նվազ չափով են ենթակա նոր կորոնավիրուսով վարակվելուն, քան մեծահասակները այն դեպքում, երբ ռիսկի հատուկ խմբում տարեցներն են:

ՉԺՀ-ի Առողջապահության պետական կոմիտեի վերջին տվյալների համաձայն՝ երկրում անցած 24 ժամվա ընթացքում Covid-19 կորոնավիրուսով վարակվելու հետեւանքով մահացել է 31 մարդ, հայտնաբերվել է 143 նոր հիվանդացած: Անցյալ տարվա դեկտեմբերից համաճարակի սկսվելուց ի վեր երկրում գրանցվել է հիվանդանալու 80 հազար 552 դեպք, մահացել է 3420 մարդ:

Նույն օրն ավելի վաղ Չինաստանի գիտությունների ակադեմիայի քարտուղարի տեղակալ, ակադեմիկոս Չժոու Ցին հայտարարել Է, որ COVID-19 հարուցող վիրուսի մեջ տեղի ունեցած մուտացիանները չեն ազդել պատվաստանյութի մշակման գործընթացի վրա: «Մեր գնահատումներով՝ առկա Է այն բանի հույսը, որ ապրիլին պատվաստանյութերի մի մասը կհանձնվի կլինիկական փորձարկումների կամ շտապ կիրառման՝ սահմանված օրենսդրական կարգին համապատասխան»,- հայտարարել Է Չժեն Չժունվեյը: