կարևոր
377 դիտում, 1 տարի առաջ --> 2020-03-06 17:20

ԱԺ-ն ամփոփեց նիստը մի շարք օրենքների ընդունմամբ

ԱԺ-ն ամփոփեց նիստը մի շարք օրենքների ընդունմամբ

ԱԺ-ն այսօր ամփոփեց հերթական քառօրյա նիստը, ինչի ավարտին ընդունվեցին օրենքների մի շարք նախագծեր:

Համազասպ Դանիելյանի և Արտակ Մանուկյանի ներկայացրած «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին»  օրենքի նախագիծն ընդունվեց 98 կողմ, դեմ 1, ձեռնպահ 0 ձայներով երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ:

Ըստ նախագծի՝ ավանդների համար տոկոսները կհաշվեգրվեն ավանդի ներդրման օրվանից, այնինչ գործող օրենսդրական ձեւակերպումների համաձայն ցանկացած ժամկետով ավանդ ներդնելու դեպքում չի վճարվում մեկ օրվա տոկոսը, քանի որ տոկոսների հաշվեգրումը սկսվում է ավանդը բանկ մուտք լինելու հաջորդ օրվանից մինչեւ այն ավանդատուին վերադարձնելու նախորդ օրը: Այսինքն՝ մեկ օրով ավանդ դնելու դեպքում բանկն ընդհանրապես տոկոս չի վճարում, ինչը հակասում է ավանդ գործիքի տնտեսագիտական բովանդակությանը:

ՀՀ կառավարության կողմից ներկայացված «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծն ընդունվեց 105 կողմ ձայներով:

Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է բարելավել ապահովված իրավունքի ինստիտուտը, ինչը կարող է դրականորեն ազդել Համաշխարհային բանկի «Գործարարությամբ զբաղվելը» վարկանշային ցանկում Հայաստանի Հանրապետության դիրքի վրա:   

Գեւորգ Պապոյանի և Արգիշտի Մեխակյանի ներկայացրած « «Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին » օրենքի նախագիծը 69 կողմ, 32 դեմ, ձեռնպահ 2 ձայներով ընդունվեցերկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ:

Նախագծով առաջարկվում է պարտադիր դարձնել գույքը վաճառելուց առաջ մինչ վաճառքի ամիսը ներառյալ գույքահարկի գծով պարտավորությունների ամբողջական կատարումը: Ակնկալվում է, որ օրենքի ընդունումից հետո կվերանան բոլոր այն դեպքերը, երբ գնորդը օրենքի չիմացության արդյունքում ձեռք է բերում անշարժ գույք, որը ծանրաբեռնված է մինչ այդ գոյացած գույքահարկով, ինչպես նաեւ հեշտ վարչարարությամբ կմեծանան համայնքային բյուջեները:

ՀՀ կառավարության կողմից ներկայացված «Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծն ընդունվեց առաջին ընթերցմամբ՝ 107 կողմ ձայներով:

Օրենքի նախագիծը կարգավորելու է  համայնքների վարչական սահմաններում գտնվող ֆիզիկական եւ իրավաբանական անձանց պայմանական սեփականության իրավունքով պատկանող հողամասերի օտարման դեպքերում հողամասերի կադաստրային արժեքները համապատասխան համայնքային բյուջեներ վճարելու ընթացակարգերը:

Արգիշտի Մեխակյանի Գևորգ Պապոյանի ներկայացրած «Հողի հարկի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծն ընդունվեց 70 կողմ, 32 դեմ, ձեռնպահ 3 ձայներով: 

Նախագծով առաջարկվում է պարտադիր դարձնել հողամասը վաճառելուց առաջ մինչ վաճառքի ամիսը ներառյալ հողի հարկի գծով պարտավորությունների ամբողջական կատարումը: Ակնկալվում է, որ օրենքի ընդունումից հետո կվերանան բոլոր այն դեպքերը, երբ գնորդը օրենքի չիմացության արդյունքում ձեռք է բերում հողամաս, որը ծանրաբեռնված է մինչ այդ գոյացած հողի հարկով, ինչպես նաեւ հեշտ վարչարարությամբ կմեծանան համայնքային բյուջեները:

ՀՀ կառավարության կողմից ներկայացված «Հասարակական կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծն 88 կողմ, 14 դեմ, ձեռնպահ 3 ձայներով ընդունվեց:

Նախագծի ընդունմամբ հանրությանը հասանելի կդառնա հասարակական կազմակերպությունների հաշվետվությունները:

ՀՀ կառավարության կողմից «Հիմնադրամների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին, ինչպես նաև Վարչական իրավախախտումների մասին  օրենքում փոփոխություն կատարելու մասին  օրենքների նախագծերի փաթեթն ընդունվեց առաջին ընթերցմամբ 106 կողմ, ձեռնպահ 1 ձայներով:

Նախագծով հնարավորություն կընձեռվի հիմնադրամներին իրենց կողմից հրապարակվող հաշվետվությունը հրապարակել առցանց, ինչի արդյունքում այն լիազոր մարմին ներկայացնելու անհրաժեշտություն չի առաջանա:

ՀՀ կառավարության կողմից  «Եվրասիական տնտեսական միության եւ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության մաքսային սահմաններով տեղափոխվող ապրանքների եւ միջազգային փոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցների վերաբերյալ տեղեկատվության փոխանակման մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծն ընդունվեց 106 կողմ ձայներով ընդունվեց:

Համաձայնագրով նախատեսվում է ԵԱՏՄ եւ ՉԺՀ մաքսային սահմաններով ապրանքների եւ միջազգային փոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցների վերաբերյալ տեղեկատվության փոխանակման ուղղությամբ համագործակցության կազմակերպում, ինչը թույլ կտա հեշտացնել տեղափոխվող ապրանքների նկատմամբ մաքսային ձեւակերպումները եւ արագացնել մաքսային հսկողության իրականացումը, ինչպես նաեւ նվազեցնել ԵԱՏՄ եւ ՉԺՀ մաքսային տարածք վտանգավոր կամ այնպիսի ապրանքների ներմուծման հետ կապված ռիսկերը, որոնց տեղափոխումն արգելված է կամ սահմանափակվում է մաքսային հսկողության միջոցով:

Սիսակ Գաբրիելյանի ներկայացրած «Մաքսային կարգավորման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծն ընդունվեց 103 կողմ, ձեռնպահ 2 ձայներով:

Նախագծի նպատակն է խթանել հայրենադարձությունը, ընդլայնել արտոնությունից օգտվող անձանց շրջանակները եւ դյուրացնել արտոնության տրամադրման ընթացակարգը:

Սիսակ Գաբրիելյանի և Լիլիթ Մակունցի կողմից ներկայացված Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծն ընդունվեց 100 կողմ, դեմ 2, ձեռնպահ 4 ձայներով:

Նախագծով սահմանվում է ուսանողների եկամտային հարկը ուղղել որպես ուսման վարձավճարի փոխհատուցում:

«Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ղրղզստանի Հանրապետության կառավարության միջեւ` եկամտի կրկնակի հարկումը բացառելու եւ հարկումից խուսափելը կանխելու մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծն ընդունվեց 106 կողմ ձայներով: