ՀՀ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց աշխատող ուսանողների ուսման վարձը եկամտահարկով փոխհատուցելու օրենքի նախագիծը:
«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի և պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի հեղինակած նախագծով առաջարկվում է մագիստրատուրայում, ասպիրանտուրայում և օրդինատուրայում մի շարք մասնագիտություններով սովորող և միաժամանակ աշխատող անձանց եկամտային հարկն ուղղել ուսման վարձի փոխհատուցման նպատակով:
Այն ուսանողները, որոնք կառավարության սահմանված մասնագիտությունների ցանկով սովորելուն զուգահեռ կաշխատեն, ուսումնական տարվա ավարտից հետո պետությունն ուսման վարձը կփոխհատուցի եկամտային հարկի վերադարձի տեսքով, եթե եկամտային հարկը կբավարարի ուսման վարձի չափով` ոչ ավել, քան ուսման վարձը: Առաջարկվող արտոնությունը կգործի կառավարության կողմից սահմանված մասնագիտություններում:
Փոխհատուցմանն ենթակա եկամտային հարկի գումարը հաշվարկվում է 2020 թվականի սեպտեմբերի 1-ից:
Նախագիծն ընդունվեց՝ ստանալով 102 կողմ, 2 դեմ, 4 ձեռնպահ ձայն: