կարևոր
386 դիտում, 1 տարի առաջ --> 2020-03-06 14:05

Պատգամավորներն անդրադարձան Գյումրիում կնոջ և նրա անչափահաս աղջկան ծեծի ենթարկելու դեպքին

Պատգամավորներն անդրադարձան Գյումրիում կնոջ և նրա անչափահաս աղջկան ծեծի ենթարկելու դեպքին

ԱԺ-ում հերթական նիստի ժամանակ, ելույթներում նաև անդրադարձ եղավ երեկ Գյումրիում կնոջ և նրա անչափահաս աղջկան ծեծի ենթարկելու դեպքին:
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Համազասպ Դանիելյանն իր ելույթում նշեց, որ 2020թ. ընթացքում արդեն երրորդ դեպքն է: 

«Երեկ Հայաստանում գրանցվել է հերթական զոհը՝ ընտանեկան բռնության: Գյումրիում ծեծի ենթարկվելուց և,
ըստ դատախազության տվյալների, 8 ժամ այդ վիճակում մնալուց հետո հայտնաբերվել է կնոջ դի,
իսկ նրա 13-ամյա աղջիկը ծանր մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց»,-ասաց նա:

Ըստ Համազասպ Դանիելյանի՝ բռնությունն ընտանիքում անթույլատրելի է և
խարխլում է այդ կարևոր ինստիտուտի նկատմամբ վստահությունը:

«Ընդամենը երկու օր հետո մեզանից շատերը մարտի 8-ը կնշեն, ծաղիկներ կնվիրեն կանանց, փուչիկներ՝ երեխաներին,  կենացներ կասեն,  մինչդեռ շատ ավելի կարևոր է, որ մենք հասկանանք, որ մեր՝ քաղաքացիների, պատկան մարմինների, ոստիկանության, դատախազության դերը պետք է վերիամաստավորվի, որ նման դեպքեր այլևս տեղի չունենան, և բռնությունը իրապես արմատախիլ արվի մեր հասարակությունից»,-ասաց նա:

Բռնության դեպքին անդրադարձավ նաև «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանը: 

«Դեպքը տեղի է ունեցել մի քաղաքում, որտեղ բոլորը իրար ճանաչում են, ցերեկային ժամին,
բնակելի թաղամասում, հասարակության անտարբերության ներքո: Տարբեր լրատվամիջոցներին
տրված հարցազրույցներում հարևանները փաստել են, որ այդ ընտանիքի անդամները պարբերաբար
կապտուկներով են եղել: Սա հասարակության անտարբերությունն է: Երբ մենք խոսում ենք, որ մեր
հասարակության մեջ կա բռնություն, ոմանք փաստում են, որ չկա, բայց կա և այնքան է սերտաճել,
որ շատ մարդիկ սառնասրտությամբ էին վերաբերում: Իսկ շատ մարդիկ վիրավորանքներ
էին հնչեցնում մահացած կնոջ հասցեին»,-ասաց նա:

Պատգամավորը վստահեցնում է, որ Հայասատնում նման դեպքեր շատ են լինում,
սակայն դրանց մասին չեն բարձրաձայնում: «Սա դեպք է, որը շատ ծանր ավարտ է ունեցել:
Բայց քանի նման դեպքեր կան, որոնց մասին մարդիկ լռում են: Հուզմունքը դժվար է զսպել:
Ես կոչ եմ անում սթափ նայել իրավիճակին: Մեզ պետք են այնպիսի օրենքներ, որոնք կբացառեն ցանկացած տեսակի բռնություն»:

Հիշեցնենք, որ երեկ՝ մարտի 5-ին, Գյումրիում ծեծի են ենթարկվել մայրն ու նրա անչափահաս դուստրը:
Կինը մահացել է, իսկ 13-ամյա աղջնակը ծայրահեղ ծանր վիճակում՝ մարմնական տարբեր վնասվածքներով,
տեղափոխվել է Գյումրու մոր եւ մանկան ավստրիական հիվանդանոց: Երեխան տեղում վիրահատվել է:
Վիճակից ելնելով՝ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի ռեանիմոբիլը գիշերը մեկնել է Գյումրի ու երեխային տեղափոխել Երևան:

Ձեռնարկված անհետաձգելի օպերատիվ- հետախուզական միջոցառումներով Գյումրու
 ոստիկանները պարզել են դեպքի որոշ հանգամանքներ: Արդյունքում
 հայտնաբերվել և հանցագործություն կատարելու կասկածանքով բերման էր
 ենթարկվել 28-ամյա մի տղամարդ: Նա ներկայացվել է նախաքննությունն իրականացնող մարմնին: