Ոստիկանության գլխավոր վարչության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է Աղավնատուն գյուղում կրակոցներ արձակողի ինքնությունը: Աղավնատուն գյուղի 34-ամյա բնակիչը, ՀՀ սահմանը հատելու փորձ կատարելիս, Տաշիրի սահմանային անցակետում հայտնաբերվել և բերման է ենթարկվել ոստիկանության Վաղարշապատի բաժին: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Բերման ենթարկվածը ձերբակալվել է:
Հիշեցնենք, որ մարտի 5-ին ժամը 02:40-ին հիվանդանոցից ոստիկանության Վաղարշապատի բաժին հաղորդում էր ստացվել, որ «որովայնի շրջանի հրազենային թափանցող վնասվածք» ախտորոշմամբ բուժօգնության է ընդունվել 36-ամյա տղամարդ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից:
Դեպքի վայր մեկնած օպերատիվ խմբի ծառայողները պարզել էին, որ նույն օրը ժամը 02:15-ի սահմաններում անհայտ անձը Արմավիրի մարզի Աղավնատուն գյուղում ինքնաձիգից անկանոն կրակոցներ է արձակել տղամարդու և նրա մեքենայի ուղղությամբ, ինչի հետևանքով տղամարդը ստացել է մարմնական վնասվածք: