Իլհամ Ալիեւը զայրացել է թանգարանում տարածաշրջանի պատմական քարտեզի վրա իր երկրի մասին որեւէ հիշատակում չտեսնելով։ Ադրբեջանի Թովուզի շրջանում տեղի ունեցած պատմա-գավառագիտական թանգարանի բացմանը, Ադրբեջանի նախագահը ծանոթացել է թանգարանի ցուցանմուշներին եւ վերջինիս զայրացրել են քարտեզի վրա հայկական Ուրարտու եւ Սիսիան տեղանունները:
Նա մասնավորապես ընդգծել է, որ անհասկանալի է, թե որ պատմական ժամանակաշրջանին են վերաբերում այդ քարտեզները: «Կարծում եք, կարելի է կախել քարտեզն ու մոռանա՞լ դրա մասին: Այս քարտեզը մեր պատմությունն է: Երեխաները կայցելեն եւ ի՞նչ պետք է սովորեն այս քարտեզից, եթե երեխան հարցնի ի՞նչ է սա, որտե՞ղ է իմ հայրենիքը, որտե՞ղ են իմ հնագույն քաղաքները: Այնինչ, այդ ամենի փոխարեն քարտեզի վրա նշված է Ուրարտու»,- հավելել է նա:
Ալիեւը հանձնարարել է կապ հաստատել մշակույթի նախարարության հետ եւ ուղղումներ կատարել։ Ի դեպ, Ալիեւին այդքան զայրացրած Սիսիանի շրջանի նախկին Ջոմարթլու, ներկայիս Թանահատ գյուղում է ծնվել Ալիեւի հայրը՝ Հեյդար Ալիեւը։