կարևոր
2454 դիտում, 3 տարի առաջ - 2020-03-06 13:47

Բռնության ենթարկված 13-ամյա երեխայի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր

 

Գյումրիում բռնության ենթարկված և ռեանիմոբիլով նախօրեի գիշերը Երևան տեղափոխված 13-ամյա երեխայի վիճակը բժիշկների գնահատմամբ շարունակում է մնալ ծայրահեղ ծանր: Միացված է արհեստական շնչառության սարք։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

Նա նշել է,որ իր հանձնարարությամբ նախարարի տեղակալ Արտյոմ Սմբատյանն այցելել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն` տեսակցելու Գյումրիից մայրաքաղաք տեղափոխված երեխային:

«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի հանրային կապերի գծով տնօրենի օգնական Գևորգ Դերձյանն էլ տեղեկացրել է, որ փոքրիկ աղջիկը ծայրահեղ ծանր վիճակում՝ մարմնական տարբեր վնասվածքներով տեղափոխվել Գյումրու մոր եւ մանկան ավստրիական հիվանդանոց: Երեխան տեղում վիրահատվել է:

Հիշեցնենք, որ մարտի 5-ին ժամը 15:40-ին ոստիկանության Մուշի բաժին հաղորդում է ստացվել, որ «տրավմային շոկով, գանգուղեղային փակ վնասվածքով» Գյումրու Պռոշյան փողոցի տներից մեկից հիվանդանոց է տեղափոխվել 13-ամյա մի աղջիկ:

Դեպքի վայր մեկնած օպերատիվ խմբի ծառայողները բնակարանում հայտնաբերել էին աղջկա մոր՝ 43-ամյա Մարինե Խ.-ի դիակը՝ բռնության հետքերով:

Ձեռնարկված անհետաձգելի օպերատիվ հետախուզական միջոցառումներով Գյումրու ոստիկանները պարզել են դեպքի որոշ հանգամանքներ: Արդյունքում՝ հայտնաբերվել և հանցագործություն կատարելու կասկածանքով բերման էր ենթարկվել 28-ամյա մի տղամարդ: Նա ներկայացվել էր նախաքննությունն իրականացնող մարմնին։