1222 դիտում, 2020.03.06 10:59

Կրակոցներ՝ Արմավիրի մարզում. կա վիրավոր

Կրակոցներ՝ Արմավիրի մարզում. կա վիրավոր

Մարտի 5-ին, ժամը 02.40-ին, հիվանդանոցից ոստիկանության Վաղարշապատի բաժին հաղորդում էր ստացվել, որ «որովայնի շրջանի հրազենային թափանցող վնասվածք» ախտորոշմամբ բուժօգնության է ընդունվել 36-ամյա տղամարդ:

Ոստիկանությունից հայտնում են, որ դեպքի վայր մեկնած օպերատիվ խմբի ծառայողները պարզել էին, որ նույն օրը, ժամը 02.15-ի սահմաններում, անհայտ անձը Արմավիրի մարզի Աղավնատուն գյուղում ինքնաձիգից անկանոն կրակոցներ է արձակել տղամարդու և նրա մեքենայի ուղղությամբ, ինչի հետևանքով տղամարդը ստացել է մարմնական վնասվածք:

Ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության, Արմավիրի մարզային վարչության, Վաղարշապատի բաժնի և Լոռու մարզային վարչության ծառայողների ձեռնարկած անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է կրակոցներ արձակողի ինքնությունը: Աղավնատուն գյուղի 34-ամյա բնակիչը, ՀՀ սահմանը հատելու փորձ կատարելիս, Տաշիրի սահմանային անցակետում հայտնաբերվել և բերման է ենթարկվել ոստիկանության Վաղարշապատի բաժին:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Նախապատրաստված նյութերն ուղարկվել են Վաղարշապատի քննչական բաժին: Բերման ենթարկվածը ձերբակալվել է:

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ հանցագործության գործիք ինքնաձիգը հայտնաբերելու ուղղությամբ: Կատարվում է նախաքննություն։