Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ օրենսդրության համաձայն՝ այն ֆիզիկական անձինք, ովքեր 2019 թվականի հունիսի 29-ից հետո այլ ֆիզիկական անձանց օտարել են 365 օրվա ընթացքում ձեռք բերված ավտոմեքենա կամ ավտոմեքենաներ (այդ թվում՝ առաջին դեպքով), պարտավոր են մինչև գործարքին հաջորդող տարվա ապրիլի 20-ը բացառապես էլեկտրոնային եղանակով հարկային մարմին ներկայացնել եկամտային հարկի տարեկան հաշվարկ և վճարել եկամտային հարկը՝ օտարված ավտոմեքենայի պայմանագրային արժեքի 1%-ի չափով, բայց ոչ պակաս, քան ավտոմեքենայի շարժիչի յուրաքանչյուր ձիաուժ հզորության համար 150 դրամ, իսկ շարժիչի հզորությունը կիլովատերով արտահայտված լինելու դեպքում՝ համապատասխան հզորության նկատմամբ կիրառվում է 1.36 գործակիցը։
Ինչպես վճարել եկամտային հարկը
Քաղաքացին պետք է
1. հարկային մարմնից ստանա հարկ վճարողի հաշվառման համար և կնքի հաշվետվությունները էլեկտրոնային եղանակով ներկայացնելու պայմանագիր` այցելելով հարկային մարմնի ցանկացած սպասարկման բաժին, կամ առցանց եղանակով՝ մուտք գործելով ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգ https://file-online.taxservice.am/pages/loginPage.jsf հղումով,
2. եկամտային հարկը վճարի բանկային ծառայության միջոցով՝ 900008000490 միասնական հաշվին, պարտադիր նշելով ֆիզիկական անձի անուն, ազգանունը և հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ)։
ՈԻՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Մինչև ապրիլի 20-ը եկամտային հարկի հաշվարկ չներկայացնելու դեպքում, Հարկային օրենսգրքի 398-րդ հոդվածի համաձայն, կկազմվի արձանագրություն և կտեղադրվի հրապարակային ծանուցումների պաշտոնական կայքում` www.azdarar.am:
Այսպիսով, հարկ վճարողը հնարավորություն կունենա ծանոթանալու արձանագրությանը և ներկայացնելու բացատրություններ։ Արձանագրությունը հիմք կհանդիսանա չկատարված հարկային պարտավորության մասով գանձման վարչական վարույթ իրականացնելու համար։