կարևոր
1945 դիտում, 1 տարի առաջ - 2020-03-05 21:46

Ի՞նչ են պայմանավորվել Պուտինն ու Էրդողանը (Տեսանյութ)

Պուտինի եւ Էրդողանի շուրջ 6 ժամանոց հանդիպումն ավարտվեց Սիրիայի Իդլիբի շրջանում կեսգիշերից սկսվող զինադադարով։ Այդ մասին ազդարարվեց հանդիպմանը հաջորդած լրատվամիջոցների համար արված հայտարարությամբ ու երկրու երկրների միջեւ կնքված նախկինում ստորագրված համաձայնագրերին կցվող հավելյալ հուշագրով։

Թուրքիայի եւ Ռուսաստանի պաշտպանության նախարարների ստորագրությամբ հաստատված հավելյալ հուշագրի ռուսերեն եւ թուրքերեն լեզուներով տարբերակները հրապարակել են երկու երկրների արտգործնախարարներ Լավրովն ու Չավուշօղլուն։

Մի քանի կետանոց հուշագրի առաջին դրույթով ճանաչվում է Սիրիայի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը, հավատարմությունը միայն խաղաղ միջոցներով հարցի հանգուցալուծմանը։ Երկու կողմերը կրկին հայտարարել են ահաբեկչության կանխարգելման եւ դրա դեմ պայքար մղելու անհարժեշտության մասին։

Համաձայնություն է ձեռք բերվել մարտի 5-ի լույս 6-ի կեսգիշերից ողջ շրջանում հաստատել զինադադար։ Այս պահին հակամարտության առաջնագիծ համարվող, եւ վերջին ռազմական գործողությունների արդյունքում Հալեպը եւ Լաթաքիան կապող եւ ազատագրված սիրիական M4 մայրուղու երկու կողմերից՝ հյուսիսից եւ հարավից սահմանվում է 6-ական կիլոմետրանոց անվտանգության գոտի, որի սահմանագծումը 7-օրյա ժամկետում կատարելու են Ռուսաստանի եւ Թուրքիայի պաշտպանության նախարարությունների ներկայացուցիչները։

Մարտի 15-ից այդ մայրուղու որոշակի հատվածում պարեկություն են անելու ռուս-թուրքական համատեղ խմբերը։