կարևոր
2446 դիտում, 3 տարի առաջ - 2020-03-05 18:42

«Նա մարդ էր, որ կարող էր շատ ավելին անել կենդանության օրոք, շատ բան տալ մեր երկրին». ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը Վազգեն Սարգսյանի ծննդյան առթիվ այցելել էր Եռաբլուր

«Նա մարդ էր, որ կարող էր շատ ավելին անել կենդանության օրոք, շատ բան տալ մեր երկրին». ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը Վազգեն Սարգսյանի ծննդյան առթիվ այցելել էր Եռաբլուր

Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը Վազգեն Սարգսյանի ծննդյան տարեդարձի առթիվ այցելել էր Եռաբլուր զինվորական պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու Սպարապետի հիշատակին:

24news-ի հետ զրույցում Հրայր Թովմասյանն ասել է, որ Վազգեն Սարգսյանն ուժեղ մարդ էր և նրա վաղաժամ կյանքից հեռանալը մեծ կորուստ էր պետականության համար.

«Նա մարդ էր, որ կարող էր շատ ավելին անել կենդանության օրոք, շատ բան տալ մեր երկրին: Ցավ եմ ապրում: Շատ չեմ շփվել Սպարապետի հետ, բայց մի քանի շփումները բավարար էր՝ հասկանալու պարզությամբ հանդերձ նրա խորությունը, հասկանալու, թե որքան էր սիրում իր հայրենիքը, ոնց էր ոտքերով հողի մեջ»,- նշել է Սահմանադրական դատարանի նախագահը:

Հրայր Թովմասյանը նաև մեկ պատմություն է հիշել Վազգեն Սարգսյանի հետ հանդիպումներից մեկից. «1998 թ-ին էր նա պաշտպանության նախարար էր և զանգել էր Վիկտոր Դալաքյանին ասել՝ հլը էդ ընտրական օրենսգիրքը բերեք, ես մի հատ պետք է նայեմ: Գնացինք իր մոտ, փոքրիկ սեղան էր, հաց կերանք, վերջում ասաց՝ դե լավ, գնացեք, ասացինք՝ բա ընտրական օրենսգիրքը, ասաց՝ վայ, բերել եք, վերցրեց, թերթեց, ասաց՝ լավ է: Դալաքյանն ասաց՝ շեֆ, բա չես նայում, պատասխանեց՝ չէ, ուղղակի ուզում էի տեսնեի զուտ ֆիզիկապես կա՞, թե՞ ոչ: Ասաց՝ թե չէ մեկ-մեկ զեկուցում են՝ «կազարման» սարքել են, գնում եմ, տեսնում եմ, որ հիմքերն էլ չկան: Կարևորը, որ կա, մնացածը դուք ինձանից լավ գիտեք»: