կարևոր
1904 դիտում, 3 տարի առաջ - 2020-03-05 18:19

Ոստիկանության գործողությունների վերաբերյալ ահազանգերը պատշաճ իրավական գնահատականների կարժանանան․Գոռ Աբրահամյան

ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը` անդրադառնալով Արամ Վարդանյանի՝ «Վստրեչի Ապեր»-ի տան և դրան հարակից տներում իրականացված գործողություններին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել.

«Նկատի ունենալով Արամ Վարդանյանի տան և դրան հարակից տներում իրականացված գործողությունների, դրանց իրավաչափության վերաբերյալ գործընկերներիս՝ լրագրողների հարցադրումները, որոնք պայմանավորված են պաշտոնական տեղեկատվության բացակայության ֆոնին հրապարակայնորեն արվող հայտարարությունների և մեկնաբանությունների միակողմանիության էֆեկտով, այս պահին ընդամենը ուզում եմ ասել հետևյալը:

Առկա է ծանր հանցագործության շրջանակներում լայնածավալ և անհետաձգելի օպերատիվ-հետախուզական, քննչական գործողություններ իրականացնելու անհրաժեշտություն, որոնք իրականացվել և դեռևս շարունակում են իրականացվել:

Ելնելով ենթադրյալ հանցագործության բացահայտմանն ուղղված գործողություններին չվնասելու անհրաժեշտությունից, նախաքննության շահերից՝ ձեռնպահ ենք մնում այս պահին հավելյալ տեղեկատվության տրամադրումից: Ավելի ուշ պատշաճ իրազեկում կապահովվի:

Ինչ վերաբերում է ոստիկանության գործողությունների իրավաչափությանն իրավական գնահատման տալու խնդրին, ապա դրա վերաբերյալ հաղորդումներն ու ահազանգերը պատշաճ իրավական գնահատականների կարժանանան»,- գրել է Գոռ Աբրահամյանը: